Իշխանությունները որոշել են օր առաջ կյանքի կոչել Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց նախագիծը՝ բանակում չծառայելու և զինգրքույկը «թանկով գնելու» մասին, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ այդմ՝ արտահերթ նիստեր են լինելու։
«Չնայած ՔՊ-ում միանշանակ չեն ընդունում այս նախագիծը՝ համարելով, որ չի կարելի դասալիքներին փողով զինգրքույկ վաճառել, սակայն նրանց ասվել է, որ պետք է կողմ քվեարկել, քանի որ արդեն նման բան արել են՝ 2021 թվականին քվեարկելով «Համաներման մասին» օրենքին, որը 1360 քաղաքացիների հնարավորություն է տվել ոչ մի օր չծառայելով և ոչ մի դրամ չվճարելով՝ ազատվել քրեական պատասխանատվությունից»,- գրում է թերթը:
Հոկտեմբերի 29-ին Սարգսյանը խորհրդարանում քննարկման էր ներկայացրել օրինագիծ, ըստ որի՝ արդեն 27 տարեկան և բանակում չծառայած ժամկետային զինծառայողները կարող են խուսափել քրեական պատասխանատվությունից՝ պետբյուջե 15 մլն դրամ (ավելի քան 37 հազար դոլար) վճարելու դեպքում։ .