Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախազգուշացրել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չստորագրելու բացասական հետևանքների մասին։ Ադրբեջանի ղեկավարը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի գրավումից հետո Երևանն ավելի պատրաստակամ կլինի համաձայնության գալ Բաքվի հետ։
«Հիմա, «Ղարաբաղի պորտֆոլիոյի» փակումից հետո, կարծում եմ, Հայաստանն ավելի պատրաստակամ կլինի համաձայնության գալ մեզ հետ։ Հիմնական գործոնը, որը խանգարում էր Հայաստանին ավելի համարձակ լինել բանակցային գործընթացում, այլևս գոյություն չունի»,- Euronews-ին տված հարցազրույցում պնդել է Ալիևը։
Նա խոստացել է, որ Բաքուն կգնահատի Երևանի վերջին առաջարկները և կմեկնաբանի դրանք։ «Միևնույն ժամանակ՝ մենք աշխատանքային մակարդակով կապ ենք պահպանում տարբեր պաշտոնյաների միջև և տարբեր ուղիներով։ Ես կարծում եմ, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Եթե խաղաղության պայմանագիրը չստորագրվի, դա շատ վատ հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։
Նոյեմբերի 21-ին Հայաստանը խաղաղության պայմանագրի իր վեցերորդ առաջարկն էր ներկայացրել Ադրբեջանին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 30-ին հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ համաձայնեցվել են խաղաղության պայմանագրի երեք հիմնական սկզբունքները։ Նրա խոսքով՝ երկրները պայմանավորվել են սահմանազատել սահմանը ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզներով՝ թվագրված 1974-1990 թվականներին, ինչպես նաև պայմանավորվել են միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չներկայացնել։