ՆԳ նախարարը վարչապետին բողոքել է, որ տեղակալները «տակը փորում են», գրել է «Հրապարակ»-ը:
Ըստ թերթի՝ ՆԳ նախարար-փոխնախարարներ հակամարտությունը սրվում է. նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ով նշանակվել է հունվարին, կամաց իր ձեռքն է վերցնում համակարգի կառավարումը։ Դա նրան հաջողվում է սորոսական շրջանակների հետ ունեցած կապերի շնորհիվ: Այդ կապերն են պատճառը, որ Վահե Ղազարյանի դեմ ՀԿ-ների յուրաքանչյուր հայտարարություն վերագրվում է տեղակալին, որի հանդեպ Նիկոլ Փաշինյանն անբացատրելի դրական վերաբերմունք ունի, գրել է «Հրապարակ»-ը:
Թերթը նշել է, որ համակարգում Արփինե Սարգսյանի «վերելքը» բացատրում են գրքային ելույթներ ունենալու հմտությամբ, ինչին Վահե Ղազարյանը չի տիրապետում, և «լոլոների գործը վստահում են տեղակալին»: Բանը հասել է նրան, որ Վահե Ղազարյանի համբերության բաժակը լցվել է, եւ նա օրերս բողոքել է Փաշինյանին, ասել, որ այսպես աշխատել հնարավոր չէ, իր կյանքը դժոխքի են վերածել։