Չեմ կարող ասել, թե Բաքուն ռուսական կողմին համարում է անաչառ կողմ, ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ո՞ւմ նկատի ունի Բաքուն, երբ ասում է, որ դեմ չէ չեզոք երրորդ կողմի միջնորդությամբ հայկական կողմի հետ բանակցելուն: Սիմոնյանի խոսքով՝ ապացույցներից մեկը ռուսական զորքի՝ Ադրբեջանում մնալու փաստն է:
«Չեմ կարծում, որ Բաքվին կարելի է վերագրել միտք, որ ռուսական կողմն անաչառ կողմ է»,- ասել է Սիմոնյանը: Նա նաև վերահաստատել է, որ հայկական կողմը Ադրբեջանի հետ որևէ շփումից չի խուսափում, սակայն թե ում է Բաքուն համարում կողմնակալ, իսկ ում չեզոք՝ ԱԺ նախագահը չի նշել:
Սիմոնյանը նաև հույս է հայտնել, որ 32 հայ գերիների Հայաստան վերադարձի հարցը կլուծվի հենց առաջիկա մի քանի օրվա ընթացքում։
«Մենք բոլորս սպասում ենք տեղեկատվության։ Կարծում եմ՝ առաջիկա օրերին այս հարցը կլուծվի։ Ձեռք բերված համաձայնագրում (գերիների փոխանակման մասին-խմբ.) փոփոխություններ չկան, գործընթացը շարունակվում է»,- ասել է նա։
Դեկտեմբերի 7-ին Երևանը և Բաքուն համատեղ հայտարարություն են տարածել, ըստ որի՝ Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ զինվորականի, իսկ հայկական կողմն իր հերթին կազատի երկու ադրբեջանցի զինվորականի։ Նույն օրը ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են հայ գերիների անունները, ովքեր ազատ են արձակվելու այս համաձայնագրով։
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը դեկտեմբերի 8-ին հայտարարել է, որ Հայաստանը Ադրբեջանին է հանձնելու Երեւանում դատապարտված ադրբեջանցի զինվորներին։ Նա հայտնել է նաև, որ Հայաստանն Ադրբեջանի հետ պայմանավորվածության շրջանակում Ադրբեջանին կհանձնի ՀՀ-ում դատապարտված Ագշին Բաբիրովին և Հուսեյն Ախունդովին և հավելել, որ ՀՀ-ում պահվող այլ ադրբեջանցիներ չկան։
Մանրամասները՝ տեսանյութում: