Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, պատասխանելով Armenia Today-ի թղթակցի հարցին, հավանական չի համարել մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։
«Այս տարվա մնացած 17 օրվա ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի կամ գոնե հույս ունեմ»,- ասել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի բերելու։ Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի պարտադրած փաստաթուղթն ունենալու է անորոշ ձևակերպումեր, որոնք Արդբեջանին հնարավորություն կտան սեփական մեկնաբանություններով նոր պատերազմի առիթ ստեղծել։
Խմբակցության ղեկավարի՝ Սեյրան Օհանյանի, կարծիքով էլ պայմանագրի արագ կնքումը չի բխում ՀՀ շահերից։
«Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվել, նրանց գործողությունները ՀՀ տարածքում առավելևս Արցախի տարածքում չեն փոխվել։ Արցախի այս ցեղասպանությունից հետո ինչպե՞ս կարելի է ձեռք մեկնել ցեղասպանին և ասել, որ այսօր մենք պատրաստ ենք գնալ խաղաղության»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը։
Նոյեմբերի 21-ին Հայաստանը խաղաղության պայմանագրի իր վեցերորդ առաջարկն էր ներկայացրել Ադրբեջանին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 30-ին հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ համաձայնեցվել են խաղաղության պայմանագրի երեք հիմնական սկզբունքները։ Նրա խոսքով՝ երկրները պայմանավորվել են սահմանազատել սահմանը ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզներով՝ թվագրված 1974-1990 թվականներին, ինչպես նաև պայմանավորվել են միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չներկայացնել։
Մանրամասները՝ տեսանյութում