Նիկոլ Փաշինյանն Արցախի վերջնական հանձնումից հետո ստեղծված լարվածությունը թոթափելու նոր տարբերակ է մտածել՝ գնալ արտահերթ ընտրությունների, գրում է «Ժողովուրդ»-ը:
Ըստ պարբերականի՝ դրանով Փաշինյանը որոշել է միանգամից մի քանի հարց լուծել՝ ևս մեկ անգամ կլեգիտիմացնի, կերկարաձգի իր իշխանությունը, ինչպես նաև խորհրդարան կբերի ՔՊ-ի արբանյակ քաղաքական ուժերին, ինչպես, օրինակ, «Հանրապետություն», ԼՀԿ, որոնք ավելորդ խոչընդոտներ չեն ստեղծի իր համար:
Թերթը հայտնում է, որ արտահերթ ընտրությունների գնալու մտադրությունը հաստատում է նաև այն, որ վերջին շրջանում Փաշինյանը հաճախակի է հանդիպում կուսակցության վարչության, ինչպես նաև մարզային ակտիվի հետ: ՔՊ-ն արտահերթ ընտրությունների գնալուց առաջ որոշել է ամրապնդել իր դիրքերը՝ ազատվելով ընդդիմադիր համայնքապետերից, որոնք կարող են հետագայում խոչընդոտ հանդիսանալ իրենց համար, եզրակացնում է թերթը:
Թերթի հետ զրույցում ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը հերքել է արտահերթ ընտրությունների գնալու մտադրությունը: Նրա խոսքով՝ ՔՊ-ն «պարզապես ինստիտուցիոնալ կուսակցաշինության գործընթաց է սկսել»:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Արևմուտքից արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ են «իջեցրել»: ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը վստահեցրել էր, որ օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չկա: