Կառավարությունը դեկտեմբերի 14-ի նիստում հաստատել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների նիստերի աշխատակարգը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ այսօր Բաքուն նույնպես կհաստատի կանոնակարգը, և երկրները միաժամանակ կհրապարակեն փաստաթղթի տեքստը։ Գրիգորյանը խոսել է նաև երկրորդ փաստաթղթի մշակման անհրաժեշտության մասին, որտեղ նշված կլինի, թե ինչ սկզբունքներով և ինչ քարտեզներով են երկրները սահմանազատում իրականացնելու։
«Հաջորդ փուլում պետք է մշակենք մի այլ կանոնակարգ, համատեղ քննարկենք, հետո ներկայացնենք, տանք իրավական ակտի տեսք, որն արդեն ավելի բովանդակային կլինի, որովհետև այդ փաստաթղթով արդեն մեթոդաբանություն պետք է նկարագրենք և սաահմանումներ պետք է տանք, թե ինչ է նշանակում քարտեզ և ինչ ենք հասկանում իրավաբանական փաստաթղթի տակ»,- պարզաբանել է փոխվարչապետը։
Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանն, իր հերթին, նշել է, որ նախագծի հիմքում ընկած է հանձնաժողովների կողմից նոյեմբերի 30-ին կնքված կանոնակարգի համաձայնագրի տեքստը։
«Հանդիպումների օրն ու վայրը որոշվում են երկու երկրների հանձնաժողովների ղեկավարների համաձայնությամբ։ Հանձնաժողովների ղեկավարների համաձայնությամբ հանդիպումները, որպես կանոն, հերթով անցկացվում են կա՛մ Հայաստանի, կա՛մ Ադրբեջանի, կա՛մ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, կա՛մ երրորդ երկրների տարածքում, ինչպես նաև տեսակոնֆերանսների ձևաչափով։ Ընդունող կողմը պարտավոր է ապահովել աշխատանքի համար բոլոր պայմանները, այդ թվում՝ երաշխավորելով հանդիպման բոլոր մասնակիցների անվտանգությունը»,- ընդգծել է նա։
Արդարադատության փոխնախարարն այս նախագծի ընդունումը կարևոր քայլ է անվանել հանձնաժողովների աշխատանքները կազմակերպելու իրավական հիմքերը, որոնց վրա հանձնաժողովները կազմակերպում են իրենց հետագա գործունեությունը։
«Կանոնակարգերի հաստատման արդյունքում Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների անդամներին հնարավորություն է ընձեռվում հանդիպումների և համատեղ աշխատանքի միջոցով հիմք ստեղծել սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացների համար, զարգացնել դրանց օրինականությունը և երկու երկրների միջև համապատասխան փաստաթղթի հետագա մշակման և ստորագրման տեխնիկական ասպեկտները»,- եզրափակել է նախարարը:
Գրիգորյանը նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին հանդիպել էր Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին։ Դեկտեմբերի 6-ին նա հայտարարել էր Երևանի մտադրության մասին՝ հաստատել սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը, որը ինստիտուցիոնալ կերպով նկարագրելու է դրա աշխատանքի ընթացքը։
Մանրամասները՝ տեսանյութում։