Լրագրող Լինդսի Սնելը X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակմանը: Նա գրել է, որ ադրբեջանցի մարդասպան Հուսեյն Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի։
«Հուսեյն Ախունդովին, որը հատել էր Հայաստանի սահմանը և սպանել հայ քաղաքացիական անձի, ապա իր զոհի հեռախոսում տեսագրել «հայերի արյուն թափելու» մասին տեսագրությունը, Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի»,- գրել է նա։
Սնելը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ Ախունդովին շրջապատել են տասնյակ լրագրողներ։ Վերջինս լրագրողներին ասում է, որ իրեն լավ է զգում և ուրախ է, որ հայրենիքում է։
Հիշեցնենք, որ դատարանը ԶՊՄԿ պահնորդին սպանած ադրբեջանցուն ցմահ ազատազրկման է դատապարտել։ Նրան ՀՀ ՔՕ 7 հոդված է մեղսագրվել։
2023-ի հունիսին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աղբյուրը հայտնել էր, որ ԶՊՄԿ անվտանգության պահնորդին սպանած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովին դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
Ապրիլին Գլխավոր դատախազությունը մանրամասներ էր հաղորդել սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողներ Ագշին Բաբիրովի և Հուսեյն Ախունդովի վերաբերյալ, որոնց նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։
ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել էր, որ Ադրբեջանի քաղաքացի Հուսեյն Ախունդովը 2023 թվականի ապրիլի 12-ին, հասնելով Սյունիքի մարզի Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» իր պահվող ինքնաձիգից կրակոցներ էր արձակել պահակակետի մոտ գտնվող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի ուղղությամբ: Հ.Մ.-ն ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել էր: