ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը քննարկել են հայ-հունական պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր։
Երկուստեք արձանագրվել է նաև համագործակցության զարգացման մեծ ներուժը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել այն զարգացնել նոր թափով՝ ներառելով ռազմատեխնիկական, փորձի փոխանակման, կրթական, ուսումնավարժական, մարտավարական պատրաստության և այլ ուղղություններ։
Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 12-ին այցելել էր Կիպրոս։ Կիպրոսի իր գործընկեր Միխալիս Յորգալլասի հետ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարի հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել էին համագործակցության ներկա փուլի արդյունքները և նախանշել դրա զարգացման նոր հնարավորությունները՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցել ավելի լայն օրակարգում, այդ թվում՝ կրթական և ուսումնական ծրագրեր, փորձի փոխանակում տարբեր ոլորտներում, ռազմատեխնիկական համագործակցություն և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Նոյեմբերի 6-10-ը Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ ջոկատայինները զորավարժություններ էին անցկացրել Հունաստանի Ատտիկա նահանգի Նեա Պերամոս քաղաքում՝ իրենց օպերատիվ կարողությունների ամրապնդման համար։