Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը։ Որոշումն ընդունվել է կուսակցության դեկտեմբերի 15-ին կայացած կոլեգիայի ընդլայնված նիստում։ Armenia Today-ը թեմայի մասին զրուցեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:
Մեկնաբանելով արտահերթ ընտրությունների գնալու որոշման պատճառներն ու նպատակները՝ Բադալյանն ասաց. «Հաշվի առնելով, որ Արցախի թեման փակված չէ և գտնվում է Ռուսաստան-Արևմուտք հակամարտության գոտում, իսկ հերթական նախագահական ընտրությունները կայանալու էին 2025 թվականին, երբ որ արդեն կայացած կլինեին ՌԴ նախագահի և ԱՄՆ նախագահի ընտրությունները, նրանք Ադրբեջանի նախագահական ընտրությունները կարող էին օգտագործել իրենց համար ցանկալի արդյունք ստանալու համար»:
Փորձագետը պարզաբանեց, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն Հարավային Կովկասում վարվող երկքաղաքականության կոնտեքստում կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա:
«Որպեսզի դա հնարավոր չլինի, անմիջականորեն հիմա են ընտրություններն անցկացվում և հասկանալի է, որ նա (Ալիևը-խմբ.) արդեն ընտրված է մեխանիկորեն: Ուղղակի ձևական գործընթացը 2025-ի փոխարեն անցկացնում է 2024-ին»,- ասաց քաղտեխնոլոգը:
Խոսելով Ալիևի ընտրվելու շանսերի մասին՝ մասնագետն ասաց, որ նա գրեթե ընտրված է: «Հատկապես, որ Լեռնային Ղարաբաղի հարցում նա հաղթանակ է տարել և հասարակության մոտ դեռ էյֆորիկ վիճակ է, որը նույնպես նա կնյութականացնի: Մնացել է ձևականություններն ի կատար ածվեն՝ քվեարկություն լինի, ԿԸՀ-ն հայտարարի արդյունքները, և ասենք՝ 80 տոկոսի մասնակցությամբ 90 տոկոսով նա համարվի ընտրված նախագահ»,- նշեց փորձագետը՝ չբացառելով, սակայն, որ որոշակի վարչարարություն Իլհամ Ալիևին ամեն դեպքում կարող է պետք գալ:
Հարցին, թե ինչ խնդիր է լուծելու այս ընտրություններով Ադրբեջանի նախագահը՝ Բադալյանը պատասխանեց, որ ներքաղաքական դաշտում վճռականացնելու է Արցախում իր հաղթանակը, իսկ արտաքին քաղաքական դաշտում՝ ժամանակ է շահելու, որ թույլ չտա ՌԴ-ին, ԱՄՆ-ին ու ԵՄ-ին խառնվել երկրի ներքին գործերին:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունները նշանակվել են 2024 թվականի փետրվարի 7-ին։
Արաքսյա Սնխչյան