«Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ իշխանական շրջանակներում ահագնացել են խոսակցություններն առ այն, որ դեկտեմբերի 22-ին Վերաքննիչ դատարանն ազատ է արձակելու շուրջ երեք ամիս կալանքի տակ պահվող Նարեկ Մալյանին:
«Իշխանությունները ցանկանում են 2024-ը դիմավորել հնարավորինս քիչ թվով քաղբանտարկյալների առկայությամբ, քանզի արևտմյան կառույցները գնալով դժգոհում են, որ չեն կարող երկար «աչք փակել» Հայաստանում քաղբանտարկյալների գոյության փաստի վրա»,- գրել է թերթը:
Լրատվականը խոստացել է հետևել իրադարձություններին՝ արձանագրելու, թե կուլիսային խոսակցությունները ինչ դրսևորումներ կունենան իրականության մեջ:
Նշենք, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 20-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 329-րդ հոդվածի 2-րդ մասով (անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, որը պատժվում է մինչև 4 տարի ազատազրկմամբ) նախատեսված արարք կատարելու համար: