Խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալու իշխանությունների ցանկության մասին լուրը տարածվում է հենց իշխանությունների կողմից և նրանց կողմից կառավարվող արտահոսք է, Armenia Today-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նրա խոսքով արտահերթ ընտրություններ անցկացնելը Հայաստանում հավանական է և դրանով իշխանությունները կփորձեն լուծել մի քանի հարց: «Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ նման քայլի և քաղաքական առումով իշխանությունների համար դա կարող է տրամաբանական լինել»,- ասաց քաղտեխնոլոգը:
Ըստ նրա՝ իշխանությունների ներքին և հրապարակային սոցհարցումները ցույց են տալիս, որ իրենց վարկանիշն անշեղորեն նվազում է:
«Նայում և տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ամիս առ ամիս նվազում է կամ նույնն է մնում: Վերջին շրջանում տարբեր հարցումներ ցույց են տվել, որ այդ վարկանիշը տատանվում է 14,6 տոոկոսից և հասնում 16, 18, առավելագույնը 19 տոկոսի: Նրանք նաև տեսնում են Երևան քաղաքի վերջին ընտրությունները, որոնք ցույց տվեցին, որ մասնակցությունը բավական ցածր է՝ ընդամենը 28,8 տոկոս»,- ասաց Հակոբյանը:
Նրա խոսքով՝ քանի դեռ ուժն ունի 20 տոկոս վարկանիշ և առկա է ժողովրդի ապատիան, որը ցածր մասնակցություն է ապահովում, 20 տոկոս կողմնակիցները կարող են լինել մասնակիցների 40 տոկոսից ավելին: Հակոբյանի խոսքով՝ վարչարարության միջոցով այդ թիվը կարելի են նույնիսկ 50 տոկոսի հասցնել:
«Այդ նույն հարցումները ցույց են տալիս, որ թեև Փաշինյանի վարկանիշն անշեղորեն նվազում է, բայց իր քաղաքական ընդդիմադիրների վարկանիշը չի բարձրանում, 3-6 տոկոսի է հասնում: Նա շատ լավ դա հասկանում է ու մտածում, որ հերթական ընտրություններից երկու տարի առաջ կարող է վերարտադրվել և Արցախի դե ֆակտո հանձնումից հետո վերականգնել իր լեգիտիմությունը»,- պարզաբանեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ լեգիտիմությունն էլ խարխլվել է հենց նրա համար, որ 2021 թվականին նա իշխանություն եկել է անջատում հանուն փրկության թեզով, Շուշիի ու Հադրութի վերադարձով զբաղվելու խոստումներով:
Որպես արտահերթ ընտրությունների գնալու երկրորդ պատճառ՝ փորձագետը նշեց արտաքին խաղացողներին: «Արևմուտքի համար նույնպես շատ կարևոր է, որպեսզի արտաքին վեկտորը դեպի իրենց կամ դեպի Թուրքիայի կողմ շեղող Փաշինյանն ունենա այնքան լեգիտիմություն, որը թույլ կտա նրան անկաշկանդ իրագործել այդ գործողությունները, բաց տեքստով, բաց ծրագրային դրույթներով հանդես գալ ժողովրդի առջև, ստանալ նրանց քվեն և լեգիտիմացնել իր քայլերը թե՛ խաղաղության պայմանագրի ստորագրման, թե՛ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու առումով»,- ասաց Հակոբյանը:
Որպես արտահերթի գնալու երրորդ պատճառ քաղտեխնոլոգը նշեց ընդդիմադիր դաշտը վերաֆորմատավորելու հարցը: «Նա (Փաշինայն- խմբ.) մտածում է, որ եթե ընդդիմությունը բավականին ցածր վարկանիշ ունի, ապա դա թույլ է տալիս բերել նոր ընդդիմադիր ֆորմատներ՝ ի դեմս արևմտյան ուժերից ձևավորված ինչ-որ ցուցակի»,- եզրափակեց Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները հայտնել էին 2024-ին ՀՀ-ում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին: Ավելի ուշ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հերքել էր արտահերթ ընտրությունների մասին տեղեկությունը: Սակայն ԶԼՄ-ները շարունակում էին գրել, որ Արևմուտքից արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ են «իջեցրել»: Ըստ պարբերականների՝ ընտրություններով Փաշինյանը որոշել է միանգամից մի քանի հարց լուծել՝ ևս մեկ անգամ կլեգիտիմացնի, կերկարաձգի իր իշխանությունը, ինչպես նաև խորհրդարան կբերի ՔՊ-ի արբանյակ քաղաքական ուժերին, ինչպես, օրինակ, «Հանրապետություն», ԼՀԿ, որոնք ավելորդ խոչընդոտներ չեն ստեղծի իր համար:
Արաքսյա Սնխչյան