Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը BBC World-ին տված հարցազրույցում ասել է, որ հայերի` Լեռնային Ղարաբաղ վերադարձի պայմաններից մեկը նրանց կողմից Ադրբեջանի քաղաքացիության ընդունումն է։ Նա հավելել է, որ Ադրբեջանը պատրաստ է դիտարկել «վերաինտեգրման հարցով հայերի բոլոր դիմումները»։ Արցախից Հայաստան ներքին տեղահանվածների թիվը գերազանցել է 100 հազարը:
«Ադրբեջանը տալիս է բոլոր հնարավորությունները նրանց վերադարձի համար, այդ թվում՝ անվտանգության երաշխիք։ Հիմնական նախապայմաններից է Ադրբեջանի քաղաքացիության և բնակության վայրի ընդունումն Ադրբեջանի օրենքներին և կանոնակարգերին համապատասխան: Մենք հստակ ասել ենք, որ պատրաստ ենք բոլոր համապատասխան իրավական բողոքները դիտարկել և քննել յուրաքանչյուր դեպքի հիման վրա»,- ասել է նա:
Նա նաև հայտարարել է երկրում «հայերի վերադարձի իրավական դաշտի» անհրաժեշտության մասին։ Հաջիևը չի հստակեցրել, թե ինչ օրենսդրական շրջանակի մասին է խոսքը։
Դեկտեմբերի 4-ին Հայաստանի Վայոց ձորի մարզի Բարձրունու շրջանում ադրբեջանական կրակոցից մահացել էր հայ զինծառայող Գերասիմ Առաքելյանը։ Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել էր զինծառայողի սպանությունը և հայտարարել, որ Բաքվի նման գործողությունները նոր սրացում հրահրելու նպատակ ունեն։
Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 7-ին ասել էր, որ դեռ չի տեսնում արցախցիների՝ հայրենիք վերադառնալու հնարավորությունը։