Վաշինգտոնը պետք է փոխի իր դիրքորոշումը Բաքվի նկատմամբ, որպեսզի ԱՄՆ-ն կարողանա միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններում, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, հայտնում է Newsweek ամսագիրը:
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմի մոտեցումը, որը նախկինում հնչեցրել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը, «հավասարակշռված չէր»:
«Սա միակողմանի և միակենտրոն մոտեցում էր, որը մտահոգություն է առաջացրել Ադրբեջանում»,- կարծում է Ալիևի օգնականը:
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը նոյեմբերի 15-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի համար անընդունելի է ուժի կիրառումը Հայաստանի տարածքով տարանցիկ միջանցք ստեղծելու համար։ Նրա խոսքով՝ Հայաստանի մասնակցությամբ և համաձայնությամբ կառուցված միջանցքը կարող է «հսկայական օգուտ դառնալ ողջ տարածաշրջանի պետությունների համար»։
Օ’Բրայենի խոսքով՝ Միացյալ Նահանգները դադարեցրել է ռազմական և այլ օգնության ցուցաբերումը Ադրբեջանին և չեղարկել է բարձր մակարդակի որոշ այցեր։ «Վաշինգտոնն ուղերձ է հղել Ադրբեջանին, որ հարաբերություններում դրական տեղաշարժ չի լինի, մինչև առաջընթաց չգրանցվի Հայաստանի հետ «խաղաղության» բանակցություններում։ Մենք հստակ հասկացրել ենք, որ սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո ոչինչ նորմալ չի լինի»,- նշել էր նա: