Չի արտահայտում պաշտոնական դիրքորոշում, ասել է Արցախի նխագահի նախկին խորհրդական Վլադիմիր Գրիգորյանն՝ անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցին, որում հայտարարել էր, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի և հունվարի 1-ից Արցախը չի լուծարվելու։
«Այսօր իմ կողմից «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցը տեղի է տվել տարատեսակ շահարկումների։
Այդիսկ պատճառով հարկ եմ համարում նշել, որ դա եղել է իմ անձնական մեկնաբանությունը , որն այս պահին չի արտահայտում որեւէ պաշտոնական դիրքորոշում»,- գրել է նա։
Գրիգորյանը տեղեկացրել է նաև, որ չի հանդիսանում Սամվել Շահրամանյանի խորհրդականը։
Դեկտեմբերի 22-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր հանրապետության իրավական դաշտում պետական մարմինների լուծարում նախատեսող փաստաթղթի բացակայության մասին։ Լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հայտնել էին, որ գոյություն ունի Շահրամանյանի սեպտեմբերի 28-ին ստորագրած հրամանագիրը (ըստ որի՝ հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ 2024 թվականի հունվարի 1-ից) չեղարկող փաստաթուղթ։
Արցախի իշխանությունները սեպտեմբերի 20-ին, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից հետո, ընդունել էին ռուս խաղաղապահների առաջարկը զինադադարի և ՊԲ-ի լուծարման ու ամբողջական զինաթափման վերաբերյալ։ Արցախի նախագահը սեպտեմբերի 28-ին հրամանագիր էր ստորագրել բոլոր պետական կառույցներն ու կազմակերպությունները մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարելու մասին, որից հետո Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Արցախից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար մարդ։