Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Գերատեսչությունից փոխանցում են, որ վարչապետն այսօր կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Նոյեմբերի 30-ին ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտնել էր, որ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը կկայանա դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում: Նա հայտնել էր, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին:
Նոյեմբերի 14-ին Փաշինյանը հրաժարվել էր մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ ՀԱՊԿ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդների Մինսկում կայացած հանդիպումներին մասնակցությունից հրաժարվել էին նաև Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարության նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սուրեն Պապիկյանը։
Նոյեմբերի 23-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հույս էր հայտնել, որ Փաշինյանը կմասնակցի տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին։ Նոյեմբերի 29-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էր Փաշինյանի հնարավոր մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին և կոչ էր արել կոնկրետ քայլեր ձեռնարկել։