Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներն Իրանի հետ ստորագրել են լիամասշտաբ ազատ առևտրի համաձայնագիր, որը պետք է փոխարինի 2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրին, հաղորդել է ТАCC-ի թղթակիցը արարողությունից։
Ստորագրումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում։ Փաստաթուղթը ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Աբբաս Ալի-Աբադին։ Համաձայնագիրը ստորագրել են նաև Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները։
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը կնքվել է 2018 թվականի մայիսի 17-ին և ուժի մեջ է 2019 թվականի հոկտեմբերի 27-ից։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: Նա կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: