Ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել Երևանի քաղաքապետարանի մոտ՝ ընդդեմ մայրաքաղաքում ավտոկայանատեղիների թանկացման։
«Մենք իրականցնում ենք խորհրդանշական ակցիա, մուտքի մոտ տեղադրվում է կարմիր կետագիծ՝ խորհրդանշելու քաղաքային օրվա վարչակազմի ակնկալվող ֆինանսական լրացուցիչ հոսքերը և երևանցու գրպանը մտնելու միջոցով բյուջեն համալրելու մտադրությունը։
Փաստացի այս պահին ունենք կարմիր գիծ, որի մի կողմում երևանցին է, իսկ ներսի հատվածում՝ քաղաքային իշխանությունը, ով կալկուլյատրով հաշվելով ամեն երևանցու եկամուտ՝ փորձում է քաղաքային բյուջեն համալրել պարգևավճաների և մեկ անձից կատարվող գնումների համար հասանելիք գումարներով»,- հայտարարեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:
Դաշինքի ներկայացուցիչները դիմեցին ընդդիմադիր խմբակցություններին, որպեսզի բոյկոտեն ավագանու նիստը՝ միանալով բողոքի ակցիային։
«Որպեսզի երևանցուն գրպանող նախագիծը չանցնի, անհրաժեշտ է, որ տեղի ունենա բոյկոտ, նիստը տապալվի և հունվարի 1-ից երևանցու սոցիալական բեռն առանց այն էլ չծանրանա: Մենք կոալիցիա չկազմող քաղաքական ֆրակցիաներին կոչ ենք անում ներկա չգտնվել նիստի մեկնարկին, քվորում չապահովել և նիստը տապալել»,- ասաց Սուքիասյանը:
Նա հայտնեց, որ եթե նիստն իրենց կամքից անկախ մեկնարկի, ստիպված են լինելու մտնել նիստերի դահլիճ ու անդրադառնալ բոլոր նախագծերին:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները փողոցային իրազեկման ակցիա են նախաձեռնել՝ ընդդեմ տեղական տուրքերի ու հարկերի բարձրացման։
Երևանի քաղաքապետարանը հրապարակել էր ավտոկայանատեղիների նոր դրույքաչափերը: Ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով, սահմանելու են Ա և Բ գոտիներ: