«Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ իշխանությունները պաշտոնից հետ են կանչել «Բալասանյան» դաշինքի առաջնորդ Սամվել Բալասանյանի ավագ որդուն՝ Իրաքում ՀՀ դեսպան Միսակ Բալասանյանին, որն այդ պաշտոնում նշանակվել էր այս ամռանը:
Թերթը նշել է, որ իշխանությունները որոշել են կոշտ ձևով ու ճնշումներով հաշիվներ մաքրել Գյումրու ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած «Բալասանյան» դաշինքի հետ:
«Թեև այդ դաշինքը ՔՊ-ի հետ կոալիցիոն հուշագրով իշխում էր Գյումրիում, սակայն օրեր առաջ ՔՊ-ն հայտարարել էր, որ Գյումրիում միակողմանի խզում է կոալիցիան «Բալասանյան» դաշինքի հետ։ Ըստ նրանց՝ պատճառը ստվերային կառավարումն է ու պայմանավորվածությունների խախտումը: Թե ինչ ստվերային կառավարում է իրականացվել, ՔՊ-ից այդպես էլ չեն հստակեցրել»,- գրել է թերթը:
Տեղեկությունը ճշտելու համար թերթը դիմել է ԱԳՆ, որտեղից հստակ պատասխան չի ստացել։