Թուրք լրագրող Ուզայ Բուլութը Բաքվում լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի ձերբակալությունն անօրինական է անվանել և հայտարարել, որ նրա կալանավորումը հակասում է 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հռչակագրի՝ բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու մասին կետին։
«Այս համաձայնագրով բոլոր ռազմագերիները, այդ թվում՝ Վիգենը, պետք է ազատ արձակվեին 2020 թվականի Արցախյան պատերազմից անմիջապես հետո։ Բայց Վիգենը ձերբակալվել է զինադադարի համաձայնագրի ստորագրումից հետո, և այդ ժամանակվանից Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր ստորագրած համաձայնագիրը»,- գրել է նա X-ում։
Բուլութը պատմել է նաև, թե ինչպես է 2020 թվականին լիբանանահայը հայտնվել Արցախում և զիջել իր ազատությունը հանուն իր ժողովրդի պատմական հայրենիքի։ Լրագրողը նշել է, որ Էուլջեքչյանի տատիկն ու պապիկն Անթեփ քաղաքից են և վերապրել են Օսմանյան Թուրքիայում ցեղասպանությունը։ 1915-ին նրանք փախել են ու հաստատվել Լիբանանում՝ ցեղասպան օսմանցի թուրքերի ձեռքից մահից ու նվաստացումից խուսափելու համար։
«2020 թվականին Վիգենը պատրաստվում էր տեղափոխվել Արցախ՝ աշխարհի բոլոր հայերի պապենական տունը։ Այնտեղ նա տաքսի է գնել՝ ընտանիքի հետ նոր կյանք սկսելու համար։ Բայց նրա ծրագրերը ոչնչացվեցին Ադրբեջանի ագրեսիայի պատճառով»,- հավելել է Բուլութը և հռետորական հարց ուղղել, թե ինչո՞ւ ադրբեջանցիները չեն խոսում ի պաշտպանություն Ադրբեջանում ապօրինաբար ձերբակալված և խոշտանգումների ենթարկված հայերի:
Ավելի վաղ Բուլութն արգենտինացի փաստաբան Լուսիանա Մինասյանի հետ Էուլջեքչյանի ընտանիքի անունից բաց նամակ էր հղել ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունիին։ Էուլջեքչյանի գտնվելու վայրի և առողջության մասին տեղեկություններ պահանջելու խնդրանքով։
Վիգեն Էուլջեկչյանը գերեվարվել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին։ 2021 թվականի հունիսին նա ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման։ Նրա անունը եղել է դեկտեմբերի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված վերադարձված գերիների ցուցակում։ Նրա անունը, սակայն, բացակայում էր դեկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետի հրապարակած վերջնական ցուցակից։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չէին մեկնաբանել Հայաստան վերադարձած բանտարկյալների թվում Էուլջեկչյանի բացակայության պատճառները։ Նրա ընտանիքի անունով Բաքվի՝ Էուլջեկչյանին Հայաստան վերադարձնելու մերժման հնարավոր պատճառը բանտային անտանելի պայմաններում հոգեկան և հուզական ճնշման պատճառով նրա առողջության վատթարացումն է։