Իրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Կառավարությունից հայտնում են, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության թեմաների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացների, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ:
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Իրանն աջակցում է վերոնշյալ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման գործընթացին, մասնավորապես, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Իրանի արտգործնախարարը Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է, որ ՀՀ ԱԳ նախարար պարոն Միրզոյանի հետ շատ լավ, կառուցողական և օգտակար քննարկում է ունեցել:
«Այսօր մենք Հայաստանի Հանրապետությունում ենք, որպեսզի ևս մեկ անգամ ընդգծենք, թե ինչ ուշադրություն ենք դարձնում երկկողմ հարաբերություններին և դրանց կարևորությանը: Մեր գնահատականն այն է, որ երկու երկրները ճիշտ ուղով են ընթանում: Մենք ականատեսն ենք քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացմանը. դրան զուգահեռ նաև հատուկ ուշադրություն ենք դարձնում հարաբերությունների խորացման վրա»,- նշել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Դեկտեմբերի 27-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ժամանել է Հայաստան։