ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի երկխոսության խորացումը պաշտպանական ինքնիշխանության կորստի է հանգեցնում, TASS-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հուսով եմ, Երևանում իրենց հաշիվ են տալիս, որ դաշինքի հետ փոխգործակցության խորացումն ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում ինքնիշխանության կորստի է հանգեցնում»,- նշել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:
ԱԳ նախարարն ընդգծել է, որ այս տարի Հայաստանը դաշինքի հետ մի քանի տասնյակ միջոցառումների է մասնակցել։ Նրա խոսքով՝ Հայաստանում շարունակվում է զինված ուժերի արդիականացումը ՆԱՏՕ-ի չափանիշներով, իսկ զինվորականները վերապատրաստում են անցնում Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ պետություններում:
«Դա չի կարող մեզ անհանգստություն չպատճառել։ Մենք բազմիցս հրավիրել ենք հայ գործընկերների ուշադրությունն առ այն, որ ՆԱՏՕ-ի իրական նպատակն է ամրապնդել տարածաշրջանում իրենց դիրքերը, պայմաններ ստեղծել «բաժանիր և տիրիր» սխեմայով մանիպուլյացիաների համար»,- հավելել Է Լավրովը։
Դեկտեմբերի 25-ին Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել էր, որ Հայաստանը շատ հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը, որպեսզի մի փոքր հեռանա Մոսկվայից։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 11-20-ը, Հայաստանը համատեղ զորավարժություններ էր անցկացրել ամերիկյան «Արծիվ գործընկեր» խաղաղապահների հետ: Հոկտեմբերին Լավրովն ասել էր, որ Ռուսաստանն Անդրկովկասի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկրների շահերը Հայաստանի միջոցով առաջ տանելու փորձեր է տեսնում, և հակառուսական տրամադրությունների համար հող ստեղծելը դաշինքի գլխավոր նպատակն էր անվանել: