Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկներին, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Համաձայնություն կա, որպեսզի հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն, հուսով ենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա։ Երկու շաբաթվա ընթացքում պատասխանները (խաղաղության պայմանագրի վերաբերյալ-խմբ․) հետ ենք ուղարկել Ադրբեջանին և այժմ սպասում ենք իրենց պատասխանին»,- նշել է նա։
Գրիգորյանը տեղեկացրել է, որ կան որոշակի հարցեր, որոնց շուրջ ադրբեջանական կողմի հետ բանավոր բանակցություններում գրանցվել է դրական դինամիկա։
«Մենք նույնպես (ինչպես Ադրբեջանը) դրական ենք գնահատում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Կան հարցեր, որոնց շուրջ բանավոր բանակցություններում համաձայնության ենք եկել, սակայն պայմանագրի տեքստում որոշակի հետընթացներ ենք տեսել, բայց կան կետեր, որտեղ առաջընթաց ենք տեսել»,- ասել է նա՝ նշելով, որ բանակցային էթիկայի նորմերից ելնելով չի կարող մանրամասներ ներկայացնել։
Խոսելով ընդդիմադիր պատգամավորների կողմից արված «Խաղաղության պայմանագրի» ՀՀ-ի համար ոչ շահեկան լինելու մասին հայտարարություններին՝ Գրիգորյանը նշել է, որ չի կարող ՀՀ շահերին հակասող փաստաթուղթ լինել։
«Խաղաղության պայմանագիրն ամբողջովին համապատասխանելու է Հայաստանի շահերին։ Չի կարող ՀՀ շահերին հակասող փաստաթուղթ լինել, և մենք այն ստորագրենք։ Խաղաղության պայմանագրի նպատակն այն է, որ երաշխիքներ ստեղծենք։ Բանակցությունների սեղանին այն ինչ կա և այն, ինչ Հայաստանն առաջարկում է, դրանով ՀՀ համար ստեղծվում են անվտանգության երաշխիքներ։ Խաղաղության պայմանագիրն այն մասին է, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունենան միմյանց նկատմամբ»,- ընդգծել է ԱԽ քարտուղարը։
Արմեն Գրիգորյանը բացառել է խաղաղության պայմանագրում որևէ միջանցքի հարց։
«Հայաստանի կողմից ներկայացված 4 սկզբունքների արձանագրումն ու ընդունումը՝ սուվերենություն, իրավազորություն, փոխադարձություն և հավասարություն, նշանակում է որևէ միջանցքային տրամաբանության բացառում»,- նշել է նա։
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյի Հայաստան կատարած այցին՝ ԱԽ քարտուղարը հայտնել է, որ այցի նպատակն այն էր, որ Վաշինգտնում շարունակվեն եռակողմ ձևաչափով բանակցությունները։
«Այցի նպատակը հիմնականում այն էր, որպեսզի եռակողմ ձևաչափով շարունակվեն բանակցությունները Վաշինգտոնում և փորձենք առաջ շարժվել խաղաղության պայմանագրի վերջնականացման և ստորագրման առումով։ Քննարկել ենք նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող այլ հարցեր»,- ասել է Գրիգորյանը։
ՀՀ ԱԽ քարտուղարը տեղեկացրել է նաև, որ շարունակվում են գերիների վերադարձի հարցով ինտենսիվ բանակցությունները։
«Մենք հույս ունենք, որ գերիների հարցը հնարավոր կլինի մինչև պայմանագիրը լուծել, և բոլոր 23 հաստատված գերիները կվերադառնան Հայաստան»,- նշել է նա։
Անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ռուսաստանը նոր ռազմատեխնիկական համաձայնագրեր են քննարկում, Գրիգորյանը նշել է, որ բանակցությունները չմատակարարված զինամթերքի մասին են։
«Հայաստանը բազմաթիվ պայմանագրեր է ունեցել ՌԴ-ի հետ, որոնք չեն մատակարարվել և այդ պարտավորությունները Ռուսաստանը չի կատարել․ այդ պայմանագրերի մասով բանակցություններ են ընթանում։ Նոր պայմանագրեր մենք չունենք, կատարվում են թարմացումներ գոյություն ունեցող պայմանագրերի շրջանակներում»,- ասել է նա՝ հավելելով, որ զենքի մասին այլ մանրամասներ ասել չի կարող։
Դեկտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Հայաստան վերադարձած գերիները «Մուրացան» ԲԿ-ում բուժզննում էին անցել:
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի գրասենյակը և Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ գերիների, իսկ հայկական կողմն իր հերթին՝ երկու ադրբեջանցի զինվորականի։ Նույն օրն ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին ազատ արձակվող հայ զինծառայողների անունները։