Ֆրանսիական միջազգային «France 24» լրատվական ալիքը հրապարակել է Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» հատվածի շուրջ ստեղծված իրավիճակի մասին զեկույցը և կապել Հին քաղաքում աճող լարվածությունն Իսրայելում ծայրահեղ աջակողմյան իշխանության գալու հետ։
«Թեև հարձակումներից մի քանիսը, հարձակվողների սեփական խոստովանությամբ, պատվիրվել են անշարժ գույքի նախագծի ետևում գտնվող ընկերության կողմից, մյուսները՝ իսրայելական ծայրահեղ աջերի իշխանության գալուց հետո աճող լարվածության մաս են կազմում»,- ասվում է զեկույցում:
France 24-ը տեղի ունեցողն անվանել է «կռիվ աշխարհի ամենահին հայկական սփյուռքի ապագայի համար» և ընդգծել, որ անցյալ տարվա հոկտեմբերի վերջից հաճախակի են դարձել հարձակումները հայ համայնքի ներկայացուցիչների վրա։ «Մենք պայքարում ենք մեր գոյության համար։ Մարդիկ կարծում են, որ մենք պարզապես խոսում ենք կայանելու մեր իրավունքի մասին, բայց դա այդպես չէ. այս հողը մեզ է պատկանել ավելի քան 700 տարի»,- հեռուստաալիքի թղթակցի հետ զրույցում ասել է թաղամասի փրկմանն ուղղված շարժման համահիմնադիր Հակոբ Ճռնազյանը։
Ավելի վաղ Ճռնազյանը հայտնել էր, որ «Կովերի պարտեզ» տարածքի հետ կապված խնդիրը լուծելուց հետո Երուսաղեմի հայկական թաղամասի փրկության շարժման ակտիվիստները կպահանջեն քաղաքի հայ համայնքի ներկայացուցչության առկայություն Հայ Առաքելական Եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանում՝ կանխելու իրավիճակները, որոնք սպառնում են թաղամասի ամբողջականությանը։
Իսրայելցի փաստաբան Դանիել Սայդեմանը հայտարարել էր իսրայելցի վերաբնակիչների կողմից Երուսաղեմի հրեական թաղամասը հայկական տարածքների հաշվին ընդլայնելու փորձի մասին։
2023 թվականի հունիսին Ճռնազյանը BBC-ի ռուսական ծառայությանն ասել էր, որ Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով վարձակալության է տրվել «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին՝ էլիտարն զարգացման նպատակով»։ Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտարարել էր գործարքը չեղարկելու մասին։
Դեկտեմբերի 28-ին մոտ 30 սադրիչներ «Կովերի այգում» հարձակվել էին հայերի վրա, ինչի համար պատրիարքարանը մեղադրել է Xana Capital-ի ղեկավարությանը։