ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Հայաստանը 2023 թվականի դեկտեմբերի վերջին օրերին ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, որտեղ որոշ հոդվածներով որոշակի հետընթաց կա:
«Մենք ստացել ենք դեկտեմբերի վերջին օրերին խաղաղության պայմանագրի ադրբեջանական հերթական առաջարկները։ Դրանից առաջ դուք գիտեք, որ բավականին տևական ժամանակ ադրբեջանական կողմը հրաժարվում էր մասնակցել այն հանդիպումներին, որոնք մենք ունենում էինք խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Հունվարի 4-ին մենք արդեն փոխանցել ենք հայկական կողմի հերթական առաջարկները։ Բովանդակային առումով ադրբեջանական առաջարկների մեջ մենք տեսնում ենք որոշակի հետընթաց որոշ հոդվածներով և որոշակի առաջընթաց մի քանի այլ ուղղությամբ»,- ընդգծել է Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարներ Յորղոս Գերապետրիտիսի հետ համատեղ ասուլիսում։
Նախարարը հավելել է, որ վերջնական խաղաղության համար կարևոր է, որ երկրները ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը․ «Անկախ նրանից՝ հերթական առաջարկի որևէ մի կոնկրետ հոդված առաջընթաց է, թե հետընթաց, վերջնական խաղաղությունն անպայմանորեն պետք է խարսխված լինի մի քանի հիմնարար սկզբունքի վրա։ Մենք այդ սկզբունքները բազմիցս հանրահռչակել ենք՝ երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ առանց որևէ երկիմաստության»,- ասել է Միրզոյանը։
Ավելի վաղ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ հայկական կողմը պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկներին և այժմ սպասում է Բաքվի պատասխանին։
Մանրամասները՝ տեսանյութում։