Կառավարությունը նպաստառուներին, զինվորականներին և 21 տարեկանը չլրացած քաղաքացիներին կարգելի խաղադրույքներ կատարել շահումով խաղերում: Որոշումն ընդունվել է կառավարության հունվարի 11-ի նիստում:
«21 տարին չլրացած անձինք, պետական բյուջեից ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականցվող սուբսիդավորման որևէ ծրագրից օգտվող քաղաքացիները, ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում հաշվառված և ընտանիքի անապահովության հիմքով իրականացվող ծրագրի շահառուները չեն կարող մասնակցել շահումով խաղերին՝ թե՛ օնլայն, թե՛ կենդանի»,- ներկայացնելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» և կից օրենքների փոփոխություններ կատարելու մասին նախագիծը նշել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին՝ ինչպե՞ս է սա վերահսկվելու, Բադասյանն ընդգծել է, որ և՛ օնլայն, և՛ կենդանի խաղի դեպքում ստուգվում են քաղաքացու տվյալները, և եթե վերջինս մոտենա խաղատուն կամ փորձի օնլայն գրանցվել և էլեկտրոնային համակարգը նույնականացնի անձի տվյալներն ու պարզի, որ նա նպաստ ստացող է, ապա նրա մուտքը կարգելափակվի:
Բադասյանի խոսքով՝ շահումով խաղի ոլորտում գործունեություն ծավալող անձանց ցանկացած խաղային արտադրանք միջազգային հեղինակավոր լաբորատորիաների կողմից պետք է անցնի սերտիֆիկացում, որի փաստն ստուգելու է օպերատորը, իսկ օպերատորին սահմանելու է կառավարությունը՝ մրցութային կարգով:
ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ մոլեխաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը պետք է կազմի 90 տոկոսը, որն օպերատորը կկարողանա ստուգել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
Մանրամասն՝ տեսանյութում: