Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ «փաստերի կեղծում» է անվանել խաղաղապահների պարտականությունները չկատարելու մասին Երևանի պնդումները։
Նրա խոսքով՝ հայ քաղաքական գործիչների այն պնդումները, թե 2023 թվականի սեպտեմբերին ռուս խաղաղապահները չեն պաշտպանել Արցախում խաղաղ բնակիչներին, «փաստերը շահարկելու փորձեր են՝ իրենց պատասխանատվությունից ազատելու համար»։
Մատնանշելով ՌԴ Դաշնային խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը, որում, ըստ նրա, ասվում է, որ ռուս խաղաղապահներ են ուղարկվում տարածաշրջան՝ հրադադարի համաձայնագիրը պահպանելու, խաղաղ բնակչության զանգվածային մահերը կանխելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական օբյեկտներին վնասներ չպատճառելու համար, Զախարովան հարց է ուղղել․ «Ինչ-որ բան այս կետերից չի՞ արվել, ներկայացրե՛ք փաստեր։ Բացի հիստերիայից և վիրավորանքներից՝ դրանք չկան»։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը 2024 թվականի հունվարի 4-ին հայտնել էր, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է 223 անձ, վիրավորվել՝ 244-ը, գերեվարվել է 17 անձ, անհետ կորել՝ 20-ը։ ՔԿ տվյալներով՝ դիակի նկատմամբ շուրջ երկու տասնյակ անարգանքի դեպքեր են եղել։ Սեպտեմբերի 29-ին Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21 անհետ կորած, 3 չնույնականացված դի և 120 վիրավոր։