Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին, այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Գավառ քաղաքում անցկացված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին՝ արձագանքելով վերջին օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արված հայտարարություններին։
«Մենք մի քանի անգամ հրապարակային, արձանագրված պայմանավորվել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, ինչպես նաև սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան պետք է հիմնված լինեն 1991 թվականի դեկտեմբերի Ալմաթիի հռչակագրի վրա: Սա նշանակում է մի պարզ բան, որ ՀՀ-ն և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը ճշգրիտ այնքան է, ինչքան եղել է հայկական սովետական սոցիալիստական հանրապետության տարածքը և Ադրբեջանի տարածքը ճշգրիտ այնքան է, ինչքան եղել է ադրբեջանական սովետական սոցիալիստական հանրապետության տարածքը: Ալմաթիի հռչակագիրը հենց դա էլ ասում է՝ Խորհրդային միությունը փլուզվեց և խորհրդային այն հանրապետությունները, ովքեր միացել են հռչակագրին, իրենց տարածքներով ձեռք են բերում անկախություն և խորհրդային պետությունների միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները դառնում են պետական սահմաններ»,- նշել է նա:
Փաշինյանի հավաստմամբ՝ սա նշանակում է, որ սահմանազատման գործընթացը սահման ստեղծելու մասին չէ, այսինքն` դելիմիտացիայի հանձնաժողովները ոչ թե պետք է գնան սահման ստեղծեն, այլ պետք է վերաարտադրեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել 1991 թվականին՝ Ալմաթիի հռչակագրի ընդունման պահին։
Անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի մասով ադրբեջանական կողմի հայտարարություններին՝ ՀՀ վարչապետը նշել է, որ փորձ է արվում տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ-ի նկատմամբ։
«Փորձ է արվում ժամանակ առ ժամանակ միջանցքային խոսույթ ձևավորել Հայաստանի տարածքի նկատմամբ։ Ընդ որում, երբ մենք ասում ենք, որ դա նկրտում է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, արձագանքում են, որ դա միջազգայնորեն ընդունված խոսույթ է, կա Հյուսիս-հարավ միջանցք և այլն։ Ասում են, որ այդ նույն խոսույթն օգտագործում են նաև Իրանի տարածքով միջանցքը նկատի ունենալով։ Որպեսզի այս բառային խաղերից դուրս գանք, մենք ասում ենք՝ ինչ պայմանով Իրանը տրամադրում է կապ Նախիջևանի և Ադրբեջանի մյուս հատվածի միջև, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ տրամադրել այդ կապը՝ և՛ երկաթուղային, և՛ ավտոճանապարհային»,- հավելել է Փաշինյանը՝ ՀՀ նկատմամբ տարածքային նկրտումները համարելով բացարձակապես անընդունելի։
Վարչապետը նշել է, որ կոմունիկացիաների հետ կապված փորձ է արվում անդրադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, թե Հայաստանը հայտարարության շրջանակներում ստանձնել է պարտավորություններ։ Փաշինյանն ասել է, որ 2020 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հայտարարությունն ստորագրած երեք կողմերից երկուսը «հիմնականում ցույց տվեցին, որ այդ փաստաթուղթն իրենց համար գոյություն չունի»։
«Այն գործողությունները, որոնք իրականացվել են Լեռնային Ղարաբաղում՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի մասնակցությամբ, վկայում են այն մասին, որ նրանց համար այդ փաստաթուղթն այլևս գոյություն չունի»,- ասել է նա։
Փաշինյանը նաև ընդգծել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չի խոսվում «Զանգեզուրի միջանցքի» մասին, և որ դրա անվտանգությունը պետք է ապահովի Ռուսաստանի Դաշնությունը։
«Ոչ մի տեղ գրված չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է ապահովի հաղորդակցությունների անվտանգությունը Հայաստանի որևէ տարածքում։ Ընդհակառակը, գրված է, որ Հայաստանն է երաշխավորում իր տարածքում անվտանգությունը»,- ասել է վարչապետը։
Խոսելով այն մասին, որ Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ խոսույթը զարգացնում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հղումով՝ Փաշինյանը կատակել է․ «Ով «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի այդ հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև»:
Նոյեմբերի 10-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ հունվարին կկայանա երկու երկրների սահմանների սահմանազատման հանձնաժողովի նիստը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում կքննարկվի միայն մեկ հարց՝ «Ղազախ-Թովուզի շրջանի սահմանազատման հարցը»։ Ալիևն անդրադարձել էր նաև Զանգեզուրի միջանցքին՝ նշելով, որ եթե միջանցքն ստեղծվի, ապա Ադրբեջանից մարդիկ և բեռները «պետք է անցնեն առանց որևէ ստուգման»։ «Եթե իմ նշած երթուղին բաց չէ, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանն այլ վայրում»,- ասել էր նա։