Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է սահմանի և նախկին «անկլավների» հստակեցման վերաբերյալ Բաքվի հայտարարությունները։
«Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղի հարց, Հայաստանը՝ 32 գյուղի, որոնց կենսական նշանակության տարածքներն օկուպացված են, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզում։ Քանի որ մենք հավատարիմ ենք Ալմաթիի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուն, հայտարարում ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չպետք է օկուպացված տարածքներ լինեն»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ որտեղ Հայաստանը վերահսկում է որոշ տարածքներ, որոնք դե յուրե պատկանում են Ադրբեջանին, Հայաստանը պետք է լքի այդ տարածքները, իսկ Ադրբեջանը պետք է դուրս գա այն տարածքներից, որոնք դե յուրե պատկանում են Հայաստանին։
Փաշինյանն ասել է, որ սա քաղաքական համաձայնագիր է, որը ֆիքսված է, բայց առանց համաձայնեցված քարտեզի չի կարող իրականացվել։
«Կա մեկ ճանապարհ՝ ապավինել Ալմաթիի հռչակագրին և սեղանին դնել քարտեզներ, որոնք դե յուրե արտահայտում են հռչակագրի դրույթները և տեղում համապատասխանեցնում են իրողությունները քարտեզներին»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ այլ մոտեցում «նշանակում է ստեղծել մի իրավիճակ, որն անընդհատ կբերի էսկալացիաների, ինչը, բնականաբար, չի կարող խաղաղության հենք դառնալ»։
Վարչապետը մեկնաբանել է նաև Արծվաշեն հայկական բնակավայրի հարցը՝ նշելով, որ այն ավելի քան 30 տարի գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Վարչապետի խոսքով՝ խնդրի լուծման երկու տարբերակ կա, որոնցից մեկը վերաբերում է Արծվաշենի վերադարձին, սակայն գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ է հստակեցնել դրա սահմանը։ Նա կրկնել է դրա համար իրավական հիմքերով ապահովված քարտեզի անհրաժեշտությունը:
Նոյեմբերի 10-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ «ութ գյուղերի հարցը, որոնք այսօր գտնվում են հայկական օկուպացիայի տակ» մշտապես օրակարգում է և քննարկվել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի վարչապետի հետ շփումների ժամանակ։