Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է ստորագրել սպառազինությունների փոխադարձ վերահսկողության համաձայնագիր, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանը մի կողմից ասում է, որ բանակն ուժեղացնելու է, կասկածի տակ դնում ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից ասում է՝ Հայաստանի բանակը Ֆրանսիայից, Հնդկաստանից զենք է գնում: Այսինքն՝ տրամաբանությունը ո՞րն է: Ադրբեջանի ընկալումն այն է, որ ՀՀ-ն պետք է բանակ չունենա՞, եթե սա է ընկալումը, ապա նշանակում է կասկածի տակ է դրվում Հայաստանի գոյության իրավունքը, ինչը բացարձակապես անընդունելի է»,- նշել է նա:
Միևնույն ժամանակ, ըստ վարչապետի, այս ամենը պետք է դիտարկել տարածաշրջանային համատեքստում, Հայաստանը կարող է մտահոգություն հայտնել Ադրբեջանի զենքի վերաբերյալ և հակառակը։ Փաշինյանն ընդգծել է, որ այդ պատճառով Երևանն առաջարկում է խաղաղ պայմանագիր կնքել այնպես, որ բացառվի պատերազմը։ Բայց, ըստ նրա, Ադրբեջանի առաջարկներին ծանոթանալով տպավորություն է ստեղծվում, թե փորձ է արվում ստեղծել մի փաստաթուղթ, որով պետք է լեգիտիմացվեն հետագա պատերազմները, ինչը տրամաբանությունից դուրս է։
«Եվ մենք առաջարկում ենք, ասում ենք՝ եկեք անվտանգությունն ապահովելու համար զորքերը սահմանագծից հայելային հետ քաշենք, որ բախումների վտանգը չեզոքացնենք, Ադրբեջանը դա մերժում է: Ասում ենք եկեք սահմանային շրջաններն ապառազմականացնենք, Ադրբեջանը մերժում է: Ես կարող եմ ուրիշ առաջարկ անել: Եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեն և մեկը մյուսին վերահսկելու հնարավորություն ունենան»,- ասել է նա։
Նշելով, որ Երևանն ու Բաքուն խոսում են դիվանագիտական տարբեր լեզուներով, Փաշինյանը նաև ասել է, որ երկու երկրներում և դրանից դուրս կան և կլինեն ուժեր, որոնք շահագրգռված չեն խաղաղությամբ։ Նրա խոսքով՝ այս պայմաններում հատկապես կարևորվում են կուսակցությունների ղեկավարների պաշտոններն ու բառապաշարը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն «կանխարգելիչ միջոցներ» կձեռնարկի Հայաստանից «վտանգների ցանկացած աղբյուր» ոչնչացնելու համար։ «Հայաստանը պետք է իմանա, որ որքան էլ զենք գնի, ինչքան էլ աջակցություն ստանա, մեզ համար սպառնալիքի ցանկացած աղբյուր անմիջապես կոչնչացվի։ Ես դա չեմ թաքցնում, որպեսզի վաղը ոչ ոք չասի, որ ինչ-որ անսպասելի բան է տեղի ունեցել։ Թող բոլորը լսեն, որ եթե մենք մեզ համար իրական վտանգ հայտնաբերենք, և ոչ թե այս ֆրանսիական աղբը, ոչ թե այս թիթեղյա տարաները, որոնք կոչվում են «Բաստիոն», մենք անմիջապես կանխարգելիչ միջոցներ կձեռնարկենք դրանք ոչնչացնելու համար»,- ասել էր նա։