ԵՄ-ն զգուշացրել է Բաքվին, որ ՀՀ-ի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում ծանր հետևանքներ կունենա Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների վրա, «Արմենպրես»-ին հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։
«Եվրոպական Միությունն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա»,- նշել է Ստանոն։
Պաշտոնյան հայտնել է, որ ԵՄ-ում սերտ կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ։
«ԵՄ-ն օգտագործում է Ադրբեջանին հստակ ուղերձներ հաղորդելու բոլոր հնարավորությունները։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շարունակում են իրենց ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության հաստատման համար»,- հավելել է Ստանոն։
2023-ի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ «եթե Զանգեզուրի միջանցքն ստեղծվի, ապա Ադրբեջանից մարդիկ և բեռները պետք է անցնեն առանց որևէ ստուգման»։ «Եթե իմ նշած երթուղին բաց չէ, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանն այլ վայրում»,- ասել էր նա։ Բացի այդ, Ալիևը Ջերմուկն «ադրբեջանական քաղաք» էր անվանել։