Անկախության գոյության ողջ ընթացքում ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը «չենք ֆիքսել և լղոզել ենք», ինչը ֆունդամենտալ խնդիր է, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե նոր իրողությունների համատեքստում ի՞նչ է առաջարկում Փաշինյանը:
«Հարցին պետք է ճիշտ դիտանկյունից նայել. մեր բոլոր գործողություններն ուղղված են ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաստատմանը և պաշտպանությանը: Անվտանգային այս ընդհանուր մարտահրավերների մեջ ո՞րն է մեր ռազմավարական ընկալումը: Մեր բոլոր դիրքորոշումներն ու ձևակերպումները պետք է հենվեն լեգիտիմության վրա, այսինքն՝ պետք է լինեն բացառիկ լեգիտիմ»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանից հնչող հայտարարություններին հրապարակայնորեն արդեն պատասխանել է, իսկ «Խաղաղության խաչմերուկ»-ը ներառում է հարցի պատասխանը:
«Մեր հարցադրումներին ի պատասխան՝ Ադրբեջանը երկու հակադարձում է անում: Առաջին հակադարձումն այն է, որ եթե ՀՀ-ն պատրաստ չէ ճանապարհները բացել, ապա Ադրբեջանը կօգտվի Իրանի տարածքով անցումից, և երկրորդ հարցադրումն այն է, թե ինչո՞ւ պետք Ադրբեջանից դեպի Նախիջևան 47 կմ-ի վրա տեղի ունենան ստուգման գործընթացներ»,- ասել է Փաշինյանը:
Նա հստակեցրել է, որ եթե ՀՀ տարածքով այդ ճանապարհը 47 կմ է, ապա Իրանի տարածքով 49 կմ է: Հայաստանը, վարչապետի խոսքով, Ադրբեջանին այդ ճանապարհը պատրաստ է տրամադրել այն պայմաններով, ինչ Իրանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 11-ին հայտարարել էր, որ Բաքուն «կտրականապես համաձայն չէ» Երևանի առաջարկին, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա: Ալիևը նաև տարածքային պահանջներ էր ներկայացրել Հայաստանին և հայտարարել, որ Երևանը, Սևանը և Սյունիքի մարզը ճանաչվել են «Ադրբեջանի պատմական հողեր»։
Հունվարի 10-ին Ալիևը հայտարարել էր, որ «ութ գյուղերի հարցը, որոնք այսօր գտնվում են հայկական օկուպացիայի տակ», մշտապես օրակարգում է և քննարկվել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի վարչապետի հետ շփումների ժամանակ։
Մանրամասները՝ տեսանյութում: