Հայաստանի իշխանությունները թշնամի երկրներին պատշաճ արձագանքելու համարձակություն չունեն, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա այսպես արձագանքեց Armenia Today-ի հարցին, թե որքանով են ՀՀ-ից հնչած պատասխանները համապատասխանում Ալիևի սպառնալից հայտարարություններին։
«Եթե նկատել եք, որպես կանոն, իշխանություններն ամենադաժան ու անբարոյական միջոցներն օգտագործում են, երբ թեման վերաբերում է ներքաղաքական իրադարձություններին, հատկապես՝ իշխանության պահպանման հետ կապված հարցերին։ Իսկ իրականության մեջ ՀՀ իշխանությունների պահվածքն Ադրբեջանի հետ բանակցային գործընթացքում կարելի է որակել որպես ստորաքարշության դրսևորում»,- ասաց պատգամավորը։
Ըստ Աբրահամյանի՝ Ադրբեջանի իշխանությունը նախագահի մակարդակով տարիներ շարունակ, հատկապես 2020 թվականից հետո, փորձում է ամենավերջին անբարոյական արտահայտություններով խոսել ոչ միայն իշխանության տարբեր դեմքերի, այլ նաև հայ ժողովրդի նկատմամբ, սակայն այս ընթացքում Հայաստանի իշխանությունների կողմից ադեկվատ որևէ գնահատական կամ պահվածք չի եղել։
Հունվարի 13-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է ստորագրել սպառազինությունների փոխադարձ վերահսկողության համաձայնագիր։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն «կանխարգելիչ միջոցներ» կձեռնարկի Հայաստանից «վտանգների ցանկացած աղբյուր» ոչնչացնելու համար։ «Հայաստանը պետք է իմանա, որ որքան էլ զենք գնի, ինչքան էլ աջակցություն ստանա, մեզ համար սպառնալիքի ցանկացած աղբյուր անմիջապես կոչնչացվի։ Ես դա չեմ թաքցնում, որպեսզի վաղը ոչ ոք չասի, որ ինչ-որ անսպասելի բան է տեղի ունեցել։ Թող բոլորը լսեն, որ եթե մենք մեզ համար իրական վտանգ հայտնաբերենք, և ոչ թե այս ֆրանսիական աղբը, ոչ թե այս թիթեղյա տարաները, որոնք կոչվում են «Բաստիոն», մենք անմիջապես կանխարգելիչ միջոցներ կձեռնարկենք դրանք ոչնչացնելու համար»,- ասել էր նա։
Մանրամասները՝ տեսանյութում։