ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասուլիսի ժամանակ «անտեղի» է անվանել Փաշինյանի՝ Հայաստանի և Իրանի տարածքով դեպի Նախիջևան երթուղիների համեմատությունը։
«2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված և պատերազմը կասեցնող հայտարարության մեջ ասվում է, որ բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաարգելափակվելու են, և Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը երկու ուղղություններով»,- ասել է Լավրովը։
Նա հավելել է, որ տրանսպորտային այս կապի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը և նշել, որ սա մեջբերում է եռակողմ փաստաթղթից։
«Այն, ինչ ասաց Փաշինյանը, որ նա ուզում է Հայաստանի տարածքով տարանցման համար նույն պայմանները, որոնք կօգտագործվեն Ադրբեջանից Նախիջևան Իրանի տարածքով տարանցման համար, ես այստեղ տրամաբանություն չտեսա, անկեղծ ասած, գրեթե տեղին չէ համեմատել այդ երթուղիները»,- ասել է Լավրովը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե ՀՀ-ն Ադրբեջանին Նախիջևանի հետ կապող ճանապարհ չտրամադրի, ապա Ադրբեջանը կօգտվի Իրանի տարածքով անցումից։ Նա հստակեցրել էր, որ եթե ՀՀ տարածքով այդ ճանապարհը 47 կմ է, ապա Իրանի տարածքով 49 կմ է: Հայաստանը, վարչապետի խոսքով, Ադրբեջանին այդ ճանապարհը պատրաստ է տրամադրել այն պայմաններով, ինչ Իրանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 11-ին հայտարարել էր, որ Բաքուն «կտրականապես համաձայն չէ» Երևանի առաջարկին, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա: Ալիևը նաև տարածքային պահանջներ էր ներկայացրել Հայաստանին և հայտարարել, որ Երևանը, Սևանը և Սյունիքի մարզը ճանաչվել են «Ադրբեջանի պատմական հողեր»։