«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «տարօրինակ» է անվանել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ըստ որի՝ «Հայաստանը դժվարություններ ունի պարտավորությունների կատարման՝ իր տարածքով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող երթուղի բացելու հարցում»։
«Անընդհատ փնտրում և այդպես էլ չեմ գտնում, թե որտեղ է գրված, որ Հայաստանի տարածքում որևէ այլ պետություն պետք է ապահովի կոմունիկացիայի անվտանգություն: Տարօրինակ է Հայաստանին վերագրել այնպիսի պարտավորությունների չկատարումը, որոնք Հայաստանը չի ստանձնել: Կրկնակի տարօրինակ է, որ դա ասում են կողմերը, որոնք ուղղակիորեն խախտել են նոյեմբերի 9-ի հայտարարության համարյա բոլոր կետերը»,- հայտարարել է Կոնջորյանը։
Նա հավելել է, որ Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ճանապարհ գտնվում է ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո:
Լավրովը հունվարի 18-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ «Հայաստանի համար Սյունիքի մարզով ճանապարհի բացումը դեռևս մնում է թղթի վրա»։