Միացյալ Թագավորության միջազգային զարգացման գծով պետքարտուղար Էնդրյու Միտչելը կոչ է արել Իսրայելի իշխանություններին կանխել Երուսաղեմի հայկական թաղամասի՝ Կովերի այգու տարածքի շուրջ վիճահարույց գործարքի հետ կապված հարձակումները հայ համայնքի վրա, X-ում (նախկին Twitter) հայտնել է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը (ANC UK):
«Մեծ Բրիտանիան շարունակում է կոշտ դիրքորոշում որդեգրել վերաբնակիչների բռնության դեմ, և Իսրայելին կոչ է անում ավելի կոշտ գործողություններ ձեռնարկել այն դադարեցնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- հայտարարել է պետնախարարը՝ պատասխանելով պատգամավոր Էնդի Մակդոնալդի հարցմանը:
Միդլսբրոյի անկախ պատգամավոր Մակդոնալդը պետնախարարին խնդրել է գնահատել Կովերի այգին գրավելու իսրայելցի վերաբնակիչների փորձերը և հարցրել Բրիտանական դեսպանատան՝ մոտ ապագայում քաղաքի հայ համայնքի հետ հանդիպելու պլանների մասին:
«Առաջիկա շաբաթվա ընթացքում Երուսաղեմում Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը կհանդիպի [համայնքի] ներկայացուցիչների հետ այս հարցի շուրջ», – պատասխանել է Միտչելը: Պետնախարարի խոսքով՝ Լոնդոնը վերահսկում է իրավիճակը և համոզված է, որ անհրաժեշտ է խուսափել լարվածության հետագա սրումից՝ Երուսաղեմի բազմազգ և բազմակրոն բնույթը պահպանելու համար։
2023 թվականի դեկտեմբերի 28-ին մոտ 30 սադրիչներ «Կովերի այգում» հարձակվել էին հայերի վրա, ինչի համար Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը մեղադրել էր Հայկական թաղամասի տարածքը հավակնող Xana Capital ընկերության ղեկավարությանը։ Դեկտեմբերի 30-ին Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը կոչ էր արել Իսրայելին կանխել հարձակումները հայ համայնքի վրա։ Ավելի ուշ Լեմկինի ինստիտուտը մեղադրել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը քրիստոնյաների նկատմամբ բռնության մթնոլորտին աջակցելու մեջ, որը հանգեցրել էր հարձակումների Հայկական թաղամասի վրա: Ֆրանսիական միջազգային France 24 լրատվական ալիքը նույնպես Հին քաղաքում լարվածության աճը կապում է Իսրայելում իշխանության ծայրահեղ աջերի վերելքի հետ: