Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտպանել է Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությունը երկկողմ մակարդակով՝ առանց որևէ միջնորդի, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները:
«Մենք հասկանում ենք, որ այս տարածաշրջանում շատ խաղացողներ կան։ Ես գիտեմ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դիրքորոշումն առ այն, որ նրանք ցանկանում են երկկողմ հարաբերություններ ունենալ միմյանց հետ։ Կարծում եմ՝ դա ճիշտ ճանապարհ է, քանի որ այդքան միջնորդների, այդքան շահագրգիռ կողմերի պարագայում գործընթացը երբեմն դառնում է ավելի կոնֆլիկտային և անարդյունավետ»,- Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում հավելել է Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով՝ Վրաստանը շատ սերտ և գործընկերային հարաբերություններ ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Երկու երկրներին նա
«եղբայր և բարեկամ» է անվանել։
«Ես մեծ հույս ունեմ, որ նրանք լուծում կգտնեն և շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն»,- ընդգծել է վարչապետը։
Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկներին։
Հունվարի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկների հետընթացի առկայության մասին։ Հունվարի 12-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոստովանել էր, որ խաղաղության պայմանագրի հարցում Ադրբեջանի դիրքորոշման հետընթացը կապված է Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուի Բոնոյի Երևան այցի հետ։