ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը խուսափել է պատասխանել հունվարի 8-ին Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի Հայաստան կատարած այցին և այդ տարածաշրջանային այցի շրջանակներում Բաքու չայցելելու մասին հարցին:
«Ես չեմ պատրաստվում խորանալ այդ հանդիպումների էության մեջ, միայն կասեմ, որ մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը և հուսով ենք, որ կողմերը կստորագրեն ամուր խաղաղության պայմանագիր, որը կճանաչի միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ընդգծել է Միլլերը ճեպազրույցի ընթացքում:
Հունվարի 11-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բոնոն Երևանից չի մեկնել Բաքու, ինչպես նախատեսված էր ի սկզբանե։ Ըստ ԶԼՄ-ների՝ «Բաքուն ինքն է հրաժարվել ընդունել Բոնոյին, քանի որ Ադրբեջանում ԱՄՆ-ին որպես վստահելի միջնորդ չեն տեսնում։
Բոնոն հունվարի 8-ին հանդիպել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, տարածաշրջանային հարցեր էր քննարկել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Նախատեսված էր, որ ԱՄՆ պաշտոնյան Երևանից պետք է մեկներ Բաքու։