Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «РИА Новости»-ին տված հարցազրույցում, գնահատելով Հայաստանի հետ հարաբերությունները, խոսել է Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հարցում Ռուսաստանի դերի և մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր մասնակցության մասին։
Կոպիրկինը վստահ է, որ Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական շահերը համընկնում են. «Ես ելնում եմ այն փաստից, և ոչ միայն ես, որ սա, բնականաբար, Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշումն է, որ մեր հարաբերություններն ունեն դաշնակցային բնույթ։ Գիտեք, պատմականորեն մեզ կապող շատ բաներ կան: Ավելորդ է նշել, թե ինչն է կապել մեր ժողովուրդներին բազմադարյա պատմության ընթացքում»,- նշել է դեսպանը։
Նրա խոսքով՝ երկրներն այսօր ունեն փոխհարաբերությունների շատ լայն գործնական օրակարգ, որը վերաբերում է պետությունների և մարդկանց կյանքի առանցքային ասպեկտներին։
«Համոզված եմ, որ սա ամուր հիմք է, որն անվտանգության սահման է տալիս մեր հարաբերություններին: Համոզված եմ նաև, որ հիմնական պարամետրերի առումով մեր ռազմավարական շահերը նույնպես օբյեկտիվորեն սերտաճում են, դա կրկին ապացուցել է թե՛ հին, թե՛ ժամանակակից պատմությունը։ Ուստի, կարծում եմ, միանգամայն ճիշտ է, որ ռուսական կողմը հստակ նշում է, որ մեր հարաբերությունները, չնայած բոլոր խնդիրներին, որոշ թյուրիմացություններին, արտաքին խաղացողների փորձերին՝ ճեղքեր ստեղծել մեր հարաբերությունների միջև՝ ելնելով իրենց պատեհապաշտական, աշխարհաքաղաքական շահերից, պահպանել են և պետք է պահպանեն դաշնակցային, ռազմավարական բնույթը»,- ընդգծել է Կոպիրկինը։
Ռուսաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու գործում
Կոպիրկինը հայտարարել է Ռուսաստանի պատրաստակամության մասին՝ առավելագույն աջակցություն ցուցաբերելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ջանքերին։ «Ռուսական կողմն աշխատել է շատ ակտիվ, համառ, հետևողական և շարունակում է աշխատել այս ուղղությամբ։ Դա են վկայում մեր գործողությունները, չեմ էլ թվարկի, թե այս առումով ինչ է արվել ռուսական կողմի մասնակցությամբ, նախաձեռնությամբ։ Ուզում եմ ասել, որ Ռուսաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում այս գործընթացին առավելագույն հնարավոր աջակցություն ցուցաբերելուն, Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկապես կայուն, արդար խաղաղ կարգավորման հասնելու հարցում»,- ընդգծել է դեսպանը։
Նա նշել է, որ Մոսկվան շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղությամբ։ «Մենք աջակցում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացին, և Ռուսաստանը միշտ շատ ակտիվորեն ընդգծել է իր պատրաստակամությունն աշխատելու այդ ուղղությամբ բոլոր առումներով՝ լինի դա խաղաղության պայմանագրի կնքում, լինի դա սահմանազատում, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծում, լինի դա վստահության ամրապնդման միջոցառումների մշակում, ներառյալ քաղաքացիական հասարակության միջոցով շփումները, լինի դա հաղորդակցությունների բացում»,- ասել է Կոպիրկինը: Նա հավելել է, որ ստեղծվել են համապատասխան եռակողմ կառույցներ, որոնց ակտիվ մասնակցում է Ռուսաստանը։
Ռուսաստանն ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին
ՌԴ դեսպանը նշել է, որ Մոսկվան ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի մայիսին կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին։ Նա հիշեցրել է, որ այս տարի Հայաստանը նախագահում է Եվրասիական տնտեսական խորհուրդը։ «Սա ենթադրում է նաև պատվիրակությունների փոխանակում և այցելություններ։ Մայիսին նախատեսվում է անցկացնել ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը Մոսկվայում և, բնականաբար, ռուսական կողմն ակնկալում է նախագահող երկրի ղեկավար, վարչապետ Փաշինյանի մասնակցությունը»,- ասել է Կոպիրկինը։
Նա հիշեցրել է, որ 2023 թվականի դեկտեմբերի 17-ին Երևանում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ։ «Դրան մասնակցել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի տարբեր գերատեսչությունների բավականին մեծ թվով բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Սա շատ կարևոր, շրջադարձային իրադարձություն էր մեր երկկողմ հարաբերություններում։ Իհարկե, այն որոշումները, որոնք ընդունվել են, կյանքի կկոչվեն և, բնականաբար, կպահանջեն շփումներ և այցելություններ»,- նշել է Կոպիրկինը։
Նա հավելել է, որ մի շարք հրավերներ կան ռուսական կողմից հայ գործընկերներին՝ մասնակցելու 2024 թվականին նախատեսված նշանակալից միջոցառումներին։ «Ես հիմա ամեն ինչ չեմ թվարկի, մենք աշխատում ենք այս հարցի շուրջ։ Իհարկե, նման փոխանակումները, այդ թվում՝ բարձր մակարդակով այցելությունները, օրակարգում են»,- եզրափակել է դեսպանը։
2023 թվականի դեկտեմբերի 25-ին Հայաստանի վարչապետը Սանկտ Պետերբուրգում մասնակցել էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որում հայտարարել էր, որ Հայաստանը ԵԱՏՄ-ն ընկալում է որպես տնտեսական ասոցիացիա, որը չունի աշխարհաքաղաքական օրակարգ։ Փաշինյանը հաջորդ օրը Սանկտ Պետերբուրգում մասնակցել էր ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Հայաստանը 2024 թվականի հունվարի 1-ից ստանձնել է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը։