ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Դեյվիդ Վալադաոն հայկական տարածքներից զորքերը դուրս բերելուց հրաժարվելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները կապել են Ղարաբաղի վրա սեպտեմբերի հարձակման համար հող նախապատրաստելու հետ և զգուշացրել են հակամարտության սրման նոր սպառնալիքի մասին, X-ում (նախկին Twitter) հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ։
«Նա թշնամական հայտարարություններ է անում, օգտագործում է այդ հայտարարությունները՝ արդարացնելու իր բանակի հետագա մոբիլիզացիան, այնուհետև ձեռնարկում է ագրեսիվ գործողություններ, քանի որ կարծում է, որ որևէ հետևանք չի լինի»,- զեկույցում նշում են կոնգրեսականները։
Օրենսդիրները կոչ են արել Վաշինգտոնին և նրա տարածաշրջանային գործընկերներին օգտագործել բոլոր դիվանագիտական գործիքները՝ ներառյալ պատժամիջոցները, երաշխավորելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ ի պատասխան Ալիևի բացահայտ սպառնալիքների։ Կոնգրեսականները նաև նշել են, որ միջազգային հանրության անգործությունը վերջին մի քանի տարիների ընթացքում ձեռնտու է Ալիևին և թույլ է տվել Բաքվին իրականացնել ավելի քան 100 հազար արցախահայերի էթնիկ զտումներ։
Ալիևը հունվարի 10-ին հայտարարել էր, որ Բաքուն համաձայն չէ հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային հետքաշման և 2021 թվականի մայիսին, 2022 թվականի սեպտեմբերին գրավված դիրքերից զորքերի դուրսբերման առաջարկի հետ։ 2023թ․ նոյեմբերին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերահսկում է մոտ 200 քմ. կմ Հայաստանի տարածք, իսկ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նշել էր, որ ադրբեջանցիները ամբողջությամբ կամ մասնակիորեն օկուպացրել են 31 հայկական գյուղ։