Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային, քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Նշվում է, որ վարչապետն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին ու խաղաղության գործընթացին՝ համաձայն նախապես համաձայնեցված հանրահայտ սկզբունքներին։
Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների կապակցությամբ, որոնք հակասում են բանակցությունների ողջ տրամաբանությանը և նպաստում տարածաշրջանում լարվածությանը: Այս համատեքստում վարչապետը կարևորել է միջազգային հանրության հասցեական արձագանքն ու գործողությունների անհրաժեշտությունը՝ ուղղված Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանը:
Հունվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Խավիեր Կոլոմինայի հետ քննարկել էր Ալիևի վերջին հայտարարությունները։
Հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ հունվարին կկայանա երկու երկրների սահմանների սահմանազատման հանձնաժողովի նիստը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում կքննարկվի միայն մեկ հարց՝ «Ղազախ-Թովուզի շրջանի սահմանազատման հարցը»։ Ալիևն անդրադարձել էր նաև Զանգեզուրի միջանցքին՝ նշելով, որ եթե միջանցքն ստեղծվի, ապա Ադրբեջանից մարդիկ և բեռները «պետք է անցնեն առանց որևէ ստուգման»։ ՀՀ վարչապետը Բաքվի հայտարարությունները համարել էր լրջագույն հարված խաղաղության գործընթացին։