Իրանագետ Ահարոն Վարդանյանը Armenia Today-ին մեկնաբանել է Իրանում հնարավոր ռազմական էսկալացիան և դրա ազդեցությունը տարածաշրջանի ու Հայաստանի վրա:
Նրա խոսքով՝ ներկա փուլում իրավիճակը հանգիստ է. չնայած հունվարի 19-ի գիշերվա ընթացքում միջադեպեր չեն գրացվել, բայց մինչ այդ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքի և Սիրիայի տարածքում գտնվող ահաբեկչական խմբավորումներին և ԱՄՆ հյուպատոսարանի հարակից տարածքներին, Իսրայելի հատուկ ծառայությունների Էրմինում գտնվող բազային և Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորումներին:
«Իրանի կողմից մեկնաբանվել է հետևյալ կերպ. այս հարվածները միտված էին ահաբեկչական խմբավորումների վերահսկմանը և Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության պատժիչ գործողություն էին»,- ասաց իրանագետը:
Նրա խոսքով՝ Իրանի տարածքի վրա հարվածները քիչ հավանական են, քանի որ մյուս կողմերը հասկանում են, թե ինչ է նշանակում Իրանի հետ պատերազմի մեջ մտնելը: Ըստ Վարդանյանի՝ դա հասկանում է և՛ Արևմուտքը, և՛ մասնակից մյուս կողմերը:
Ըստ փորձագետի՝ տարբեր մասշտաբի հարվածների հնարավորություն կա Իրանի ազդեցության գոտիներում, որոնց կարող են հաջորդել Իրանի պատասխան գործողությունները:
Անդրադառնալով տարածաշրջանի վրա ազդեցությանը՝ փորձագետը նշեց, որ որպես տարածաշրջանի հզորագույն պետություններից մեկը՝ Իրանն ունի իր մեծ ազդեցությունը և նրա դեմ ցանկացած ակտիվություն կազդի նաև տարածաշրջանի երկրների վրա:
«Այդ մասին նույնիսկ արևմտյան ռեսուրսներում են խոսում, որ Իրանի ազդեցությունը տարածաշրջանում էապես մեծացել է Արևմուտքի, մասնավորապես, ԱՄՆ-ի ազդեցության նվազման ֆոնին: Հետևաբար, Իրանի ազդեցության կրճատմանն ուղղված ցանկացած գործողություն տարածաշրջանի վրա կունենա իր ազդեցությունը: Մանավանդ, որ Իրանը վերահսկում է Պարսից ծոցի մի հատվածը, նրա ազդեցության գոտում գտնվող Եմենի Հութիները դեպի Կարմիր ծով դուրս եկող Բաբ էլ-Մանդեբի նեղուցը: Հիմա կարելի է ասել՝ փակվել է Կարմիր ծովը և այս ամենը ոչ միայն տարածաշրջանի վրա է ունենում իր ազդեցությունը, այլ նաև համաշխարհային գործընթացներում»,- հստակեցրեց իրանագետը:
Հայաստանի համար ռիսկեր, Վարդանյանի խոսքով, մշտապես կան, քանի որ գործողությունները տեղի են ունենում Հայաստանի հարակից տարածքներում, նաև՝ ՀՀ հարակից Մերձավոր Արևելքում:
«Այս ամենը կարող է միտված լինել նաև մեկ այլ բանի՝ հնդկական շուկան հյուսիսային շուկաներին կապող ճանապարհը տեղափոխել Իրանի տարածքով, դրա մի մասն էլ անցնում է Հայաստանով: Կարմիր ծովը ներկայումս փակ է և այնտեղով բեռներ տեղափոխելը վտանգավոր է, Իրանի այլ գործողությունների շնորհիվ վտանգվել է նաև Պակիստանի Գվադար նավահանգստի անվտանգությունը: Որովհետև այն հարվածները, որոնք հասցրել էր Իրանը Պակիստանին, այդ նավահանգստի մոտակայքում էր: Այս ամենի ֆոնին անվտանգ ուղի է մնում Հյուսիս-հարավը, ինչը ձեռնտու է թե՛ Իրանին, թե՛ Հնդկաստանին, թե՛ Ռուսաստանին: Այս ամենի ֆոնին մեծանում է Իրանի դերակատարությունը, իսկ ճիշտ աշխատելու դեպքում՝ նաև Հայաստանի դերը»,- նշեց իրանագետը:
Նրա խոսքով՝ Իրանը հարվածներ է հասցրել մեր թշնամի պետության դաշնակիցներին:
«Խոսքը Պակիստանի մասին է. մենք գիտենք 44-օրյա պատերազմի ժամանակ ինչպիսի աջակցություն է ցույց տվել Պակիստանը, և Իսրայելի մասին է, որը մեծ ազդեցություն ու աջակցություն է ցույց տվել ադրբեջանական Հանրապետությանը, և ներկայումս էլ շատ սերտ հարաբերությունների մեջ է»,- ասաց նա:
Խոսելով իրադարձությունների հնարավոր վատ զդեցությունների մասին՝ փորձագետը նշեց, որ պատերազմը Հայաստանի «գլխին պայթելու» վտանգ չի տեսնում, որովհետև Երևանը կապ չունի այդ իրադարձությունների հետ:
«Իրանի գործողություններն ազդեցություն ունեն համաշխարհային շուկայի վրա, որի մի մասն ենք մենք, և դա կարող է ազդեցություն ունենալ նաև մեզ վրա»,- ասաց նա:
Հունվարի 16-ին հայտնի էր դարձել, որ իրանցի զինվորականները Պակիստանում հարձակվել էին «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորման երկու հենակետերի վրա։ Հենակետերը տեղակայված են եղել Իրանի հետ սահմանին գտնվող Պակիստանի Բելուջիստան նահանգի շրջաններից մեկում։
Հունվարի 18-ին Պակիստանի զինված ուժերը հրթիռային հարվածներ էին հասցրել Իրանի տարածքին։ Իսլամաբադը հայտարարել էր, որ հրթիռակոծության թիրախը եղել են «հակապակիստանյան զինված խմբավորումները»։ Իրանի իշխանությունները հայտնել էին, որ Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգներում ավիահարվածների հետևանքով զոհվել է 10 մարդ:
Պակիստանցի զինվորականների թիրախը եղել են Բելուջիստանի ազատագրման ճակատ խմբավորման հետ կապված ահաբեկիչները։ Պակիստանի զինված ուժերը գտնվում են ծայրահեղ բարձր մարտական պատրաստվածության վիճակում։ Իրանի ԱԳՆ-ն «անընդունելի» է անվանել Պակիստանի զինված ուժերի կողմից Իրանի տարածքում իրականացված հարվածները։
Արաքսյա Սնխչյան