ՀՀ սահմանադրության փոփոխության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններով հերթական ուղերձն է հղվում Ադրբեջանին և Թուրքիային, հայտարարել են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը և Արթուր Խաչատրյանը։
«Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում կողմերի առաջարկներին ծանոթանալուց հետո մեր հնչեցրած մտահոգությունները, կապված ընթացող բանակցային գործընթացի տրամաբանության և ադրբեջանական նախապայմանները բավարարելու հետ, այսօր, ցավոք, հաստատվեցին ՀՀ սահմանադրության փոփոխության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններով: Փաշինյանը նաև խոստովանել է, որ նման հայտարարության շարժառիթ է «քաղաքական որոշումների լեգիտիմությունն ապահովելը»։ Այս հայտարարությունը հերթական ուղերձն է հղում Ադրբեջանին և Թուրքիային»,- ասված է հայտարարությունում։
Պատգամավորները հիշեցրել են, որ վերոհիշյալ երկու պետությունների կողմից ՀՀ-ին ներկայացնող մշտական պահանջներից է եղել ՀՀ հիմնարար փաստաթղթերից հեռացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սատարմանը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելու դրույթները։
Նրանք արձանագրել են նաև, որ այս քայլով Փաշինյանը փորձում է նախաձեռնել նոր հարձակում Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնասյուներից մեկի վրա՝ հող նախապատրաստելով թուրք-ադրբեջանական չդադարող պահանջներից հերթականի բավարարման համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին հայտարարել էր, որ Հայաստանին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։ «Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության։ Հայաստանն, ի վերջո, պետք է ունենա Սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է ՀՀ ժողովրդի կողմից: Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,- ասել էր վարչապետը: