ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է առաջիկայում նոր կուսակցություն հիմնելու գաղափարի մասին, գրում է «Հրապարակ»-ը։
Թերթի հետ զրույցում նա նշել է, որ տարբեր ձևաչափերով քննարկումներ կան, բայց դեռ վերջնական որոշում չկա: Նրա խոսքով՝ կուսակցությանը կանդամակցեն հանրային, անկուսակցական գործիչներ
«Ակնհայտ է, որ առաջիկա պրոցեսներին՝ կլինեն դրանք արտահերթ, թե հերթական ընտրական պրոցեսներ, կա ցանկություն մասնակցելու, բայց թե ինչ ֆորմատով դա կլինի, դեռևս տարբեր առաջարկներ կան, տարբեր քննարկումներ են ընթանում։ Այո, չեմ բացառում, որ ես, իմ մի քանի գործընկերներ, փորձենք մեկ շարժման, մեկ կուսակցության մեջ միավորվել, բայց մեկ բան հստակ է, որ չի կարող որևէ ընդդիմադիր ուժ առանձին պայքարել այս արհավիրքի դեմ, ու պետք է հանդես գալ մեկ միասնական բլոկով, ճակատով»,- պարբերականը մեջբերում է Զոհրաբյանի խոսքերը։
Նախկին պատգամավորը համոզված է, որ այդ դեպքում հաջողությունը երաշխավորված է, մնացած առանձին բոլոր ֆորմատները տապալված են լինելու։
«Ընդդիմությունն ունի շանս, և այդ շանսը մեկ ճակատով մասնակցելն է, քանի որ Նիկոլի վարկանիշն այսօր միջազգային հարցումներով ևս պատմական մինիմումի վրա է»,- եզրափակել է նա։
Թերթի տեղեկություններով՝ Զոհրաբյանի հետ քննարկումների մեջ են Գևորգ Պետրոսյանը, Խաչիկ Մանուկյանը, Հովհաննես Գալստյանը և ուրիշներ։