Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Հայաստանի վերաբերյալ պատմական որոշում կայացնելու մասին՝ չհստակեցնելով, թե ինչ որոշման մասին է խոսքը։ Մակրոնն այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Զինված ուժերին ուղղված ուղերձում։
«2024 թվականին մենք ապահովելու ենք մեր անդրծովյան տարածքների պաշտպանությունը և բախվելու ենք այն պարտավորություններին, որոնք կան մեր մեծ ազգի վրա։ Ես զերծ կմնամ մանրամասներ թվարկելուց։ Ես կարող եմ նշել Բալկանների, Հայաստանի մասին, որոնք գտնվում են մեր ուշադրության կենտրոնում»,- ասել է Մակրոնը։
Շեշտելով «պատմական որոշումներ կայացնելու» մասին՝ նա կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները։
«Հատկապես Հայաստանի վերաբերյալ պատմական որոշում ենք կայացրել»,- հավելել է նա։
2023-ի հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Ֆրանսիայից երեք ռադիոլոկացիոն կայան կգնի։ Երևանն ու Փարիզը նաև ապագայում զենիթահրթիռային համալիրների մատակարարման շուրջ էին պայմանավորվել։ Նոյեմբերի 13-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ֆրանսիան Հայաստանին մատակարարել է «Bastion» բազմանպատակային զրահամեքենաների խմբաքանակ՝ ռազմական օգնություն ցուցաբերելու շրջանակներում: Ավելի ուշ Վրաստանի Փոթիի նավահանգիստը կառավարող «APM Terminals Poti sudtverdili» ընկերությունը հաստատել էր ֆրանսիական «Bastion» տեսակի զինտեխնիկայի տարանցումը Հայաստան։