Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) վիճարկել են Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, հայտարարել են ԵԽԽՎ-ում։
Նման որոշման պատճառ է դարձել Բաքվի կողմից կազմակերպության շրջանակում ունեցած պարտավորությունները չկատարելը, համագործակցության բացակայությունը։
«Վեհաժողովը հարցի վերաբերյալ որոշում կկայացնի հունվարի 24-ի երեկոյան՝ քննարկումներից հետո»,- հայտնել են ԵԽԽՎ-ում։
Տեղեկացնում են, որ շուտով առավել մանրամասն հայտարարություններ կլինեն։
Գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն ԵԽԽՎ որոշումը կապել է սեպտեմբերյան ռազմական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման, Ադրբեջանում քաղբանտարկյալների մեծ թվի հետ։ Բացի այդ, պատգամավորը նշել է, որ Բաքուն թույլ չի տվել ԵԽԽՎ պատվիրակությանը դիտարկել փետրվարի 7-ին կայանալիք նախագահական ընտրությունները։
«Շվաբեին աջակցել են ԵԽԽՎ առնավազն երեսուն անդամներ, որոնք մտնում են առնվազն հինգ ազգային պատվիրակությունների կազմում։ Քանի դեռ ԵԽԽՎ-ն որոշում չի ընդունել, Ադրբեջանի պատվիրակության անդամները կարող են ժամանակավորապես ունենալ այն իրավունքները, որոնք ունեն վեհաժողովի մյուս անդամները, սակայն իրավունք չունեն քվեարկել իրենց լիազորությունների քննարկման հետ կապված որևէ ընթացակարգի»,- հավելել է ԵԽԽՎ-ն։
Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը հունվարի 18-ին հայտարարություն էր ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել բոլոր տնտեսական հարաբերությունները Փարիզի հետ։ Կոմիտեն նաև առաջարկել էր կառավարությանը սառեցնել ֆրանսիացի պաշտոնյաների ակտիվները, ֆրանսիական ընկերություններին հեռացնել Ադրբեջանից և արգելել նրանց մասնակցությունը Բաքվի պատվիրած նախագծերին։ Հայտարարությունն ընդունվել էր ի պատասխան հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով։ Ֆրանսիացի օրենսդիրները հաստատել էին նաև Հայաստանի իրավունքը՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ունենալու միջոցներ՝ ապահովելու իր անվտանգությունը, այդ թվում՝ ռազմական։
Ֆրանսիական TotalEnergies էներգետիկ ընկերությունը և Ադրբեջանի Պետնավթընկերությունը (SOCAR) 2023 թվականի հուլիսին հայտարարել էին Աբշերոն գազի հանքավայրում արդյունահանման մեկնարկի մասին։ TotalEnergies-ը և SOCAR-ը համագործակցության համաձայնագիր էին ստորագրել 2023 թվականի դեկտեմբերին՝ AUSEA տեխնոլոգիան օգտագործելու մեթանի հայտնաբերման և չափման մեջ: