Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել, հայտնում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանին: Վերջինս շեշտել է, որ դեռևս որևէ հստակ որոշում չկա:
«Կարծում եմ, շատ նորմալ է, որ այն ուժը, որը երկու անգամ ընտրությունների է մասնակցել, գալիս է այն գիտակցման, որ ճիշտը նոր կուսակցություն հիմնադրելն է, որպեսզի շուրջդ հավաքվեն քո գաղափարակիցները: Դա շատ բնական գործընթաց է»,- ասել է նա:
Հրապարակման համաձայն՝ Մարությանը չի կարողանում միանձնյա ղեկավարել «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակով նա և իր թիմն անցել են Երևանի ավագանի։
Աբգարյանը հերքել է Մարությանի և «Ազգային առաջընթաց» կուսակցության միջև հակասությունների մասին տեղեկությունները։
«Ինչ վերաբերում է «Ազգային առաջընթաց» կուսակցությանը, ապա որևէ հակասություն չկա: Բնական է, որ կա նոր կուսակցություն հիմնադրելու գաղափար»,- նշել է Աբգարյանը:
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի էին ունեցել ավագանու 2023 թվականի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել էր Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները՝ համաձայն որոնց անցողիկ շեմը հաղթահարել էին հետևյալ ուժերը․ ՔՊ՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։
Հոկտեմբերի 10-ին ավագանու ընտրություններից հետո առաջին նիստում Երևանի ավագանին ձայներով քաղաքապետ է ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին, որը դարձել է նիստին ներկա կուսակցությունների կողմից առաջադրված քաղաքապետի միակ թեկնածուն։