Հունվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լոռու մարզի դպրոցներ այցելությունից և կառուցված տարածքի որակից դժգոհ մնալուց հետո «Տ-Քնսթրաքշն» շինարարական ընկերությունն ստուգում է իրականացրել դպրոցում շինարարական աշխատանքների կատարման շուրջ։ Ընկերությունը նշել է, որ երբ երկրի ղեկավարությունն այցելել է Մեդովկայի դպրոց, շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված չեն եղել, ավարտական ակտը ստորագրված չի եղել։ Ըստ հայտարարության՝ մանր թերությունները վերացնելու համար կպահանջվի մոտ 3 մլն դրամ։
Ընկերությունը պարզաբանել է, որ իր միջոցների հաշվին կատարել է ավելի քան 100 մլն դրամի լրացուցիչ աշխատանք, որը ներառված չի եղել պայմանագրով նախատեսված նախահաշվում։ Սա մոտավորապես 30 անգամ ավելի է, քան հայտնաբերված թերությունները շտկելու համար պահանջվող գումարը, նշված է «Տ-Քնսթրաքշն»-ի հայտարարության մեջ:
«Դպրոցի կառուցման ժամանակ պատվիրատուն երկու անգամ փոխել է նախագիծը. արդյունքում «Տ-Քնսթրաքշն»-ը Մեդովկայում միջնակարգ դպրոցի կառուցումից շահույթ չի ստացել ու չի ստանա։ Ընթացիկ հաշվարկով, նշված պայմանագրով ընկերության հարկային վնասը կազմում է շուրջ 95,616 մլն դրամ»,- նշել են ընկերությունից՝ հավելելով, որ այս փաստի հավաստիությունը կարելի է ճշտել համապատասխան հարկային աուդիտի միջոցով։
«Տ-Քնսթրաքշն»-ի հաշվետվության մեջ նշվում է, որ ԿԳՄՍ նախարարությունն է պատասխանատու դպրոցներում տեղադրված կահույքի և սպորտային գույքի որակի համար (կախիչներ, բասկետբոլի վահանակ՝ ցանցով, ֆուտբոլային դարպաս՝ ցանցով և այլն):
«Մեդովկայում դպրոց կառուցելու ծրագրի շրջանակներում «Տ-Քնսթրաքշն» ընկերությունը չի փորձել գումար վաստակել ավելորդ խնայողությունների միջոցով, այլ իր սեփական միջոցները ներդրել է դպրոցի շինարարության և սարքավորումների վրա»,- եզրափակել է ընկերությունը:
Փաշինյանը հունվարի սկզբին այցելել էր Արմավիրի և Լոռու մարզերում, որտեղ ստուգել էր մի շարք օբյեկտների շինարարությունը և դժգոհություն հայտնել շինարարության որակից։ Այցելությունների արդյունքում աշխատանքից ազատվել էին Արմավիրի և Լոռու մարզպետներ Էդվարդ Հովհաննիսյանը և Արամ Խաչատրյանը, ինչպես նաև քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Գուլարյանը։