Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը չեղարկել է «Sputnik Արմենիա» ռադիոյի վերահեռարձակման «Տոսպա» ընկերությունից հեռարձակելու արգելքը։ Նրանք հստակեցրել են, որ հունվարի 25-ից «Sputnik Արմենիա» ռադիոն կվերսկսի հեռարձակումը, իսկ հաղորումներից մեկը, որը պատճառ էր դարձել կարգավորիչի պատժամիջոցի, «Ուրբաթ Տիգրան Քեոսայանի հետ»-ը հանվել է եթերից:
Հանձնաժողովը 2023 թվականի դեկտեմբերի 20-ին 30 օրով կասեցրել էր վերահեռարձակողի գործունեությունը` տուգանելով 500 հազար դրամով։
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը նշել է, որ բավարարված են ընկերությունների կողմից ափսոսանք հայտնելու հիմքով: «Այն մինիմալ պահանջները, որոնք դրվել են, կատարված են: Կարևորը, որ այդ եղկելի հաղորդումն իր եղկելի հաղորդավարով եթերից հանված է»,- ասել է նա հունվարի 23-ի նիստում:
Պատժամիջոցի հիմքում «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման բովանդակությունն էր, որտեղ ըստ ՀՌՀ եզրակացության՝ օտարերկրացի հեղինակը թույլ է տվել Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների ու ղեկավարության պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող և հեգնող արտահայտություններ, հրահրել է թշնամանք, հանդես եկել բռնություն պարունակող կոչերով ու խախտել մատուցվող լսողական ծառայությունների էթիկական նորմերը:
Մեկ այլ որոշմամբ՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «Տոսպա» ընկերությանը տուգանել է 500 հազար դրամով՝ հիմք ընդունելով «Աբովյան Թայմ» հաղորդման ժամանակ հնչեցված բովանդակությունը։ Այստեղ հանձնաժողովը տեսել է պնդումներ, որոնք խուճապ են տարածում, հիմնված չեն ստուգված և հավաստի աղբյուրների վրա։