Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովը Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանի հետ քննարկել է Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի այգու» հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է Իսրայելում Ռուսաստանի դեսպանությունը։
«Պաղեստինա-իսրայելական հակամարտության շարունակվող աննախադեպ սրման ֆոնին շեշտվել է Սուրբ Երկրում իսկական քրիստոնեական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը, Երուսաղեմում ստատուս քվոյի և միջկրոնական հավասարակշռության պահպանումը»,- ասվում է հայտարարության մեջ։
Քննարկվել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և եկեղեցական գծով համագործակցության ընդլայնումը՝ Մերձավոր Արևելքում քրիստոնեական ներկայությունն ամրապնդելու նպատակով։
2023 թվականի նոյեմբերին ՌԴ ԱԳՆ-ն Իսրայելի իշխանություններին կոչ էր արել օրենքի շրջանակներում ապահովել Հայկական թաղամասի խնդրի արդարացի լուծումը, որին հավակնում է իսրայելական Xana Capital ընկերությունը։ Մոտ 30 սադրիչներ 2023 թվականի դեկտեմբերի 28-ին «Կովերի այգու» տարածքում հարձակվել էին հայերի վրա, ինչի համար Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը մեղադրել էր Xana Capital-ի ղեկավարությանը։
Դեկտեմբերի 30-ին Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը կոչ էր արել Իսրայելին կանխել հարձակումները հայ համայնքի վրա։ Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման պետնախարար Էնդրյու Միտչելը նույնպես կոչ էր արել Իսրայելի իշխանություններին կանխել վիճահարույց գործարքի շուրջ հայերի վրա հարձակումները: